Ներկա դրությամբ հանրապետությունում ռիելթորական գործունեության տեսանկյունից իրավական դաշտն ամբողջությամբ բաց է, չկան այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնցով կարող են առաջնորդվել համապատասխան մասնագետները կամ շուկայում գործունեություն իրականացնող ընկերությունները: Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթը՝ ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Օրենսդրական նախաձեռնությունը մշակել է Կադաստրի կոմիտեն:
«Ռիելթորական գործունեության մասին» օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ռիելթորական գործունեության վրա, սահմանում է ռիելթորական գործունեության իրականացման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ կանոնակարգում է ռիելթորական գործունեությանն առնչվող հարաբերությունները: Սահմանվում են մի շարք հասկացություններ: Մասնավորապես՝ ռիելթորական կազմակերպությունն իրավաբանական անձ է, որն իրականացնում է ռիելթորական գործունեություն եւ սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնի կողմից: Ռիելթորը ֆիզիկական անձ է, որն ունի ռիելթորի որակավորման գործող վկայական, հաշվառված է լիազոր մարմնի կողմից եւ սույն օրենքով սահմանված կարգով ռիելթորական կազմակերպության անունից, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում՝ իր անունից մատուցում է ռիելթորական ծառայություններ:
Նշվել է, որ օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է ռիելթորական գործունեության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը, ստվերից դուրս գալուն եւ պետական բյուջե մուտքերի ավելացմանը, անշարժ գույքի ոլորտում տեղեկատվության ու ծառայությունների թափանցիկության ապահովմանը, ինչպես նաեւ անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ձեւավորմանն ու զարգացմանը:
Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է ներդնել նաեւ ոլորտի մասնագետների, անշարժ գույքի սուբյեկտների ու սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմ:
Հիմնական զեկուցողի ներկայացմամբ մշակվելու եւ ներդրվելու է Միասնական տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա վերահսկել Հայաստանում անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքների շարժը՝ ապահովելով նաեւ անշարժ գույքի վաճառքի հայտարարություններ տեղադրող կայքերի հետ փոխգործելիությունը: Այդ կայքերի համար կսահմանվեն համապատասխան որոշակի չափորոշիչներ:
Սուրեն Թովմասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հարակից զեկույցում ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգծելով երկար սպասված փաթեթի կարեւորությունը: Նշվել է, որ օրենսդրական փաթեթը մոտ երկու տարի քննարկվել է Կառավարությունում, ինչին մասնակցել են նաեւ օրենսդիրները: «Նպատակն անշարժ գույքի շուկան ավելի թափանցիկ եւ վստահելի դարձնելն է, ինչպես նաեւ անշարժ գույքի շուկայի «խաղացողներին»՝ հիմնականում գնորդներին, տարբեր տեսակի ռիսկերից ապահովագրելն է»,- ասել է Բաբկեն Թունյանը:
Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:




