Էլեկտրոնային համակարգով կարգավորվող փաստաթղթաշրջանառության ոլորտում իրականացվել են բարեփոխումներ, որոնք վերաբերել են բացառապես իրավահաստատող փաստաթղթերին: Այժմ առաջարկվում է սահմանել կոնկրետ պահանջներ նաեւ ոչ իրավահաստատող փաստաթղթերի դեպքում: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխություններն ԱԺ հերթական նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նա պարզաբանել է, որ քաղաքացուց գրասենյակում կվերցվեն փաստաթղթերը, կտեսաներածվեն թվային համակարգերի առկայությամբ: Քաղաքացին էլեկտրոնային թվային ստորագրությամբ կհաստատի, որ այդ պահին Կադաստրի կոմիտե իր կողմից են ներկայացվել փաստաթղթերը, որից հետո քաղաքացուն այդ պահին կվերադարձվեն փաստաթղթերը, կպահվի միայն էլեկտրոնային տարբերակը: Ըստ Սուրեն Թովմասյանի՝ դա թույլ կտա թղթային արխիվի անընդհատ մեծանալու խնդիրը կարգավորել եւ ուշադրություն դարձնել կոնկրետ յուրաքանչյուր գույքի մասով որակական տվյալների բարձրացմանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի առնչությամբ տվել է դրական եզրակացություն: Այս մասին հայտնել է Ալեքսանդր Ավետիսյանը:




