Նախաձեռնության նպատակն է բարելավել պետական գույքի օգտագործման գործող համակարգը, որը հնարավորություն է տալիս պետական եւ համայնքային մարմիններին պետական գույքը երկարաժամկետ օգտագործման տրամադրել անհատույց հիմունքներով: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ սեպտեմբերի 8-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քնարկման ներկայացնելով ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:
Զեկուցողի տեղեկացմամբ առաջարկվում է գույքի անհատույց տրամադրման համակարգը փոխարինել վարձակալության վրա հիմնված մոդելով, ինչը թույլ կտա ապահովել պետական գույքի օգտագործման հստակ եւ թափանցիկ հաշվառում, ինչպես նաեւ ստանալ պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր չօգտագործվող գույքի վարձակալության դիմաց:
Առնակ Ավետիսյանի խոսքով միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վարձակալության վրա հիմնված համակարգերը կիրառվում են մի շարք երկրներում. պետական մարմինները վարձակալում են տարածքներ շուկայականին մոտեցված արժեքներով, ինչը նպաստում է ռեսուրսների առավել նպատակային բաշխմանը եւ պետական բյուջեի կայուն մուտքերի ապահովմանը:
«Նախաձեռնության ընդունումը հնարավորություն կտա ստեղծել պետական գույքի օգտագործման միասնական եւ կանխատեսելի համակարգ, կնպաստի պետական ֆինանսների կայունությանը, կառավարման թափանցիկությանը եւ հաշվետվողականությանը»,- ընդգծել է Կառավարության ներկայացուցիչը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը:
Նախաձեռնության վերաբերյալ ելույթ է ունեցել «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Կարեւորելով ոլորտում իրականացվող բարեփոխումը՝ պատգամավորը նշել է, որ այն երակարաժամկետ է եւ կարիք ունի մասնագիտական դիտարկման:




