Կոնվենցիան միտված է կանխարգելելու աշխատողների եւ այլ անձանց նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունը. այն կիրառվում է ե՛ւ մասնավոր, ե՛ւ պետական հատվածներում: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ի հերթական նիստի ընթացքում:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բռնության եւ ոտնձգության մասին կոնվենցիա, 2019 թ. (թիվ 190)» կոնվենցիան վավերացնելու» մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվել է 2019 թվականին եւ ուժի մեջ մտել 2021թվականին: 50 երկիր արդեն վավերացրել է կոնվենցիան, ուժի մեջ չի մտել դեռեւս 6 երկրում:
«Բռնությունն ու ոտնձգությունն աշխատանքի վայրում բացասաբար են ազդում անձի հոգեբանական, ֆիզիկական առողջության, արժանապատվության եւ ընտանեկան ու սոցիալական միջավայրի վրա»,- նշել է Ռուբեն Սարգսյանը՝ հավելելով, որ կոնվենցիայով սահմանվում է աշխատանքում «բռնություն եւ ոտնձգություն» եզրույթը:
Կոնվենցիայի վավերացումը կամրապնդի Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու անվտանգ եւ առողջ աշխատատեղեր բոլոր աշխատողների համար: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ օրենսդրության եւ քաղաքականության ամրապնդման տեսանկյունից կոնվենցիայի վավերացումը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից, զբաղվածության ռազմավարությունից եւ գենդերային քաղաքականության իրականացման գործողությունների պլանից:
Ռուբեն Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով աշխատանքային վայրում նոր մշակույթի ձեւավորման տեսլականին:
Հարակից զեկուցող, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:




