Օրենքի ընդունմամբ կունենանք բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի մեկ միասնական օրենք՝ նախկինում ոլորտը կարգավորող 4-ի փոխարեն: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում՝ ներկայացնելով «Բարձրագույն կրթության եւ գիտության» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:
Նախարարի խոսքով փաթեթը բավականին երկար քննարկման ճանապարհ է անցել եւ ուղղված է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում ամենակարեւոր բարեփոխմանը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ ներկայացվող փաթեթի ընդունմամբ օրենսդրությունը կդառնա ավելի ուսանողակենտրոն՝ հնարավորություն ընձեռելով ավելի ճկուն ուսումնական գորընթաց իրականացնել:
Նախարարի տեղեկացմամբ օրենքում առանձին սահմանվում է ուսանողական համարժեք փորձառությունն իբրեւ հասկացություն, ներդրվում է ոլորտի կառավարման թվային միջավայր, ուսանողական ինքնակառավարման նոր մշակույթ է ներդրվելու բուհերում, նախատեսված են ուսանողական կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր, որոնց միջոցով բարձր առաջադիմություն ունեցող որեւէ ուսանող վարձավճարի պատճառով դուրս չի մնա:
Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականության ձեւավորման եւ իրականացման հիմքերն ու պայմաններն ապահովելու նպատակով օրենքի նախագծում սահմանվում են բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում նոր իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերություններ, ներառյալ ակադեմիական քաղաքին եւ գիտական փորձաքննությանը վերաբերող հարաբերությունները՝ արտացոլելով բարեփոխումների ընթացքը: Օրենքի նախագծում ամրագրվել են դրույթներ, որոնք միտված են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում՝ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ, բուհերի կազմում ընդգրկվելու, համագործակցության եւ աստիճանական ինտեգրման, հետազոտական ցանցեր եւ կոնսորցիումներ ձեւավորելու իրավական հիմքեր ստեղծելուն՝ ապահովելու որակյալ բարձրագույն կրթություն եւ հետազոտական արդյունքներ:
Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է հանրային բուհերի, գիտական կազմակերպությունների կառավարման մոդելների, կառավարման մարմինների ձեւավորման սկզբունքների, ներկայացվող պահանջների փոփոխություններ եւ սահմանափակումներ, նրանց լիազորությունների հստակեցում եւ հավասարակշռում, ամրագրվել են անկախ մարմնի՝ Էթիկայի կոմիտեի ձեւավորմանն առնչվող դրույթներ, ակադեմիական բարեվարքության եւ էթիկայի կանոնակարգի պահանջներին հետեւելու պարտավորություններ, չհետեւելու դեպքում՝ հետեւանքներ: Ընդ որում, բուհի եւ դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում կամ կառավարման կոլեգիալ մարմիններում արգելվում է կուսակցական անձանց ներգրավումը: Նման հանգամանքի առաջացումը կարող է հիմք դառնալ նշված պաշտոններից անձի ազատման համար:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը՝ հորդորելով ոլորտով հետաքրքրված շահագրգիռ անձանց ներկայացնել առաջարկներ: Նա տեղեկացրել է, որ ամռան ամիսներին կարող են լինել աշխատանքային քննարկումներ երկրորդ ընթերցումից առաջ:




