National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.6.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
27.06.2025
Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով
1 / 17

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աշխատանքները տեւել են գուցե 1-2 տարի: Այս ընթացքում մենք մի քանի հարյուր մասնակիցների ներգրավմամբ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ: 1000 էջից  ավելի առաջարկներ ենք ստացել եւ քննարկել, որոշների դեպքում ունեցել ենք տարբեր դիրքորոշումներ, բայց քննարկումների արդյունքում, մեր կարծիքով, եկել ենք լավագույն լուծման: Այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ բացելով «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով հունիսի 27-ին հրավիրված խորհրդարանական լսումները: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, գործադիր մարմնի պատասխանատուներ, բուհերի ռեկտորներ, գիտնականներ, ուսանողներ, շահագրգիռ այլ անձինք:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ լսումներին մասնակցելու ցանկություն էր հայտնել ավելի քան 300 հոգի, որոնց մի մասին հնարավոր չի եղել հրավիրել: Նրա խոսքով անհրաժեշտության դեպքում առաջիկայում կրկին քննարկում  կհրավիրվի: Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը նախատեսվում է առաջին ընթերցմամբ քննարկել ԱԺ առաջիկա արտահերթ նիստի ընթացքում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հաջորդիվ ներկայացրել է օրենքի նախագծի կարգավորումները՝ մինչ այդ շնորհակալություն հայտնելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին  արդյունավետ  համագործակցության համար:

««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի մշակման աշխատանքները սկսվել են շուրջ 10 տարի առաջ»,- ասել է նախարարը՝ անդրադառնալով օրենսդրական նախաձեռնության մշակման տարբեր փուլերին: «Մեր Կառավարությունը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում ստանձնել է հստակ հանձնառություններ, որոնք ամրագրված են Կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագրում, Կառավարության գործունեության ծրագրում, եւ որոնց իրացման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված են էական քայլեր»,- ընդգծել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ համակարգն ունենալու համար նպատակադրվել են ունենալ պետության ֆինանսավորմամբ գործող մինչեւ 8 բուհ՝ ուժեղ հետազոտական բաղադրիչով, ապահովել բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակների առաջին հինգհարյուրյակում ընդգրկված առնվազն 4 բուհի առկայություն, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը: Նպատակ կա նաեւ այնպիսի բարձրագույն կրթություն ապահովել, որպեսզի շրջանավարտների առնվազն 90 տոկոսն աշխատի ընտրած մասնագիտությամբ: Նախարարի տեղեկացմամբ օրենքի նախագծում նախատեսված են  նաեւ այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ պատշաճ առաջադիմությամբ որեւէ սովորող ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս չմնա բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից:

«Կառավարությունը պարտավորություն  է վերցրել նաեւ գիտության ոլորտը դարձնել մրցունակ՝ էապես մեծացնելով ֆինանսավորումը»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով գիտության ոլորտի զարգացման համար նախատեսված են նաեւ այլ քայլեր, որոնք ամրագրվել են օրենքի նախագծում:

«Ներդրվել են մի շարք նոր գործիքներ,  որոնք օգնելու են, որպեսզի մեր երկրում բարձրագույն կրթության եւ գիտության համակարգը լինի, իրոք, միջազգայնորեն մրցունակ»,- ամփոփելով ելույթը՝ հավաստիացրել է ԿԳՄՍ նախարարը:

Նա նաեւ անդրադարձել է ոլորտներում առկա բազմազան ու լրջագույն խնդիրներին, պատասխանել լսումների մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ: 
 
Մեր երկրի անկախացումից ի վեր հանրապետությունում չեն վերանայվել գիտության կազմակերպման ձեւն ու գիտության նկատմամբ պետության մոտեցումները: Այս մասին ասել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նրա խոսքով 2022 թվականից սկսած ոլորտում իրականացվում է ավելի նախաձեռնողական քաղաքականություն՝ նպատակ ունենալով այն գրավիչ դարձնել երիտասարդ կադրերի համար: Նշվել է, որ ավելացել են բնագավառում ֆինանսավորման ծավալները, գիտնականների թիվը: Արդյունքում՝ 2024 թվականի հաշվետվության համաձայն՝ գրանցվել է 3963 հետազոտող:

Սարգիս Հայոցյանը նաեւ խոսել է ոլորտում կապիտալ ներդրումներ իրականացնելու կարեւորության մասին` նշելով, որ դա հնարավորություն է ընձեռում կատարել մի շարք հետազոտություններ: Զեկուցողն անդրադարձել է նաեւ բնագավառում առկա խնդիրներին՝ արդյունավետ չհամարելով գիտություն-շուկա կապը:

Լսումներին ելույթ է ունեցել նաեւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Որպես բուհի ռեկտոր՝ զեկուցողն ընդգծել է. ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի ընդունման յուրաքանչյուր ուշացած օրը մեզ հեռացնում է առաջադեմ աշխարհից մի քանի քայլով»: Հովհաննես Հովհաննիսյանը համաձայնել է, որ օրենքի նախագծում առկա են թերություններ, որոնք հնարավոր է շտկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Զեկուցողի կարծիքով նախագծի չընդունումը պետության զարգացման համար լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ: Նշվել է, որ քննարկվող փաստաթուղթը վերաբերվում է ոչ միայն բուհերին, ուսանողներին եւ գիտնականներին, այլ նաեւ մեր պետության ապագային:

ԵՊՀ ռեկտորը կարեւորել է այն փաստը, որ առաջին անգամ բարձրագույն կրթության համակարգն ունենալու է բազային ֆինանսավորում: 
  
Լսումների մասնակիցները ելույթներում անդրադարձել են օրենքի նախագծին, ներկայացրել բազմաթիվ առաջարկներ, որոնք, մասնավորապես, վերաբերել են բժշկական կրթության առանձնահատկություններին, անբավարար առաջադիմությամբ համալսարանից հեռացված ուսանողների վերականգնումների սահմանափակմանը: Բժշկական համալսարանների ներկայացուցիչներն առաջարկել են նաեւ ավարտական քննություններն անցկացնել միասնական կարգով:

Նշվել է, որ նախագծում հաշվի չեն առնվել բուհերի կարգավիճակից ու գործունեության բնույթից բխող էական առանձնահատկությունները, ինչի հետեւանքով նախագծում բացակայում է «պետության մասնակցության բուհ» հասկացությունը, որը կօգներ ավելի արդյունավետ համագործակցել միջազգային բուհերի հետ: Ուստի, առաջարկվել են նաեւ առանձին տողով սահմանել «պետության մասնակցությամբ միջազգային բուհ» հասկացությունը, որը եղել է նախագծի նախորդ տարբերակում:

Կարեւորվել է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներգրավածությունն ուսումնական գործընթացներին: Գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներն անդրադարձել են ակադեմիական անկախության կարեւորությանը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը լսումների մասնակիցներին ու օրենքի նախագծով հետաքրքրված շահագրգիռ անձանց տեղեկացրել է, որ ցանկության դեպքում օրինագծի վերաբերյալ կարող են լինել աշխատանքային քննարկումներ:

Եզրափակիչ ելույթներում հիմնական զեկուցողները պատասխանել են ելույթներում հնչած տեսակետներին, հորդորել առաջարկները ներկայացնել գրավոր եւ վստահեցրել, որ դրանք կքննարկվեն:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանում կքննարկվի հուլիսի սկզբին, իսկ երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է սեպտեմբերին, որը, ըստ հանձնաժողովի նախագահի, բավականին երկար ժամանակահատված է առաջարկներ ներկայացնելու եւ դրանք քննարկելու համար:
 


27.06.2025
Մարիա Կարապետյանի ելույթն ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի կազմակերպած պանելային քննարկման ժամանակ
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի կազմակերպած պանելային քննարկման ժամանակ՝ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ամենամյա այցի շրջանակում ելույթ է ունեցել բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը:   «Ես այստեղ եմ իմ մյուս խորհրդարանական գործընկերների հետ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ամենամյա այցի ...

27.06.2025
Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (H...

27.06.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստան-Շվեդիա հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հարցու...

27.06.2025
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: ...

27.06.2025
ՀՀ-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը, Գեղամ Նազարյանն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատու...

27.06.2025
Տեղեկատվություն խորհրդարանական լսումների անցկացման վերաբերյալ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպում է «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումներ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am