Տպել
26.02.2007
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի փետրվարի 26-ի նիստում դրական եզրակացություն ստացան քննարկված բոլոր նախագծերը: Իններորդ նստաշրջանի օրակարգը կառաջարկվի համալրել երկու նախագծերով, երկուական նախագծերով եւ օրենսդրական փաթեթներով էլ` քառօրյա նիստերի օրակարգը:

«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխությամբ գործադիր իշխանությունը նպատակ ունի հստակեցնել բանկային ոսկու շրջանառությունը ԱԱՀ-ից ազատելու դեպքերը: Այս մասին պատգամավորներին տեղեկացնելով` հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը մանրամասնեց, որ այս հարկատեսակից ազատված է ոսկու ձուլակտորի արտադրությունը:

«Գույքահարկի մասին»  օրենքում լրացում կատարելով` ՀՀԿ խմբակցության պատգամավորները նախատեսում են օրենքով գույքահարկից ազատել սոցիալական ապահովության մարմինների կողմից արտոնյալ պայմաններով հաշմանդամներին տրամադրված ավտոմեքենաները: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ներկայացրեց, որ համայնքի ավագանին ունի նման արտոնություն սահմանելու իրավասություն, ինչը, սակայն, բարդ ընթացակարգ է ենթադրում:

Երկրորդ անգամ խորհրդարանի հաստատմանը կներկայացվի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթը: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը ներկայացրեց, որ առաջին ընթերցումից հետո` պատգամավորներ Հերմինե Նաղդալյանի եւ Հռիփսիմե Ավետիսյանի առաջարկների հիման վրա, փաթեթը վերանայվել եւ խմբագրվել է:

«Բանկային գաղտնիքի մասին» եւ այլ օրենքներում փոփոխությունների օրենսդրական փաթեթի վերաբերյալ, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ, առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո առաջարկություն չի ստացվել: Այս նախագծերի ընդունմամբ կառավարությունը նախատեսում է ԿԲ-ին պարտավորեցնել, որ վերջինս հրապարակի այլ բանկերի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին որոշումները, հավաքագրելով բանկերի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն` եռամսյակային հրապարակումներով այն տարածի: Նախագծով տրվում է «խոշոր պարտավորություն» հասկացության մեկնաբանությունը. առաջնորդվելով Եվրամիության չափանիշներով, որպես այդպիսին կդիտարկվի20 մլն. դրամը կամ այն գերազանցող պարտավորությունը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում` հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի նախագահությամբ,  գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց 2007թ. հունվարի 17-ին ստորագրված «ՀՀ եւ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի փոխառության» համաձայնագիրը: Նախարարը նշեց, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 12.9 մլն ԱՄՆ դոլար` ՀՀ կառավարության 2 մլն ԱՄՆ դոլարի մասնակցությամբ: Ծրագրի նպատակն է նպաստավոր պայմաններ ստեղծել ծրագրում ընդգրկված մարզերի համայնքներում եկամուտների կայուն աճի համար: Խնդիրը` ընդգրկվող տարածքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման կամ կառուցման միջոցով աջակցել մասնավոր սեկտորի գործունեությանը եւ ձեռնարկատիրության հնարավորությունների զարգացմանը: Ծրագրի տարածքը ընդգրկում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Արագածոտնի մարզերը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ համաձայնագիրը կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:


26.02.2007
Ազգային ժողովի քառօրյա նիստը
Ազգային ժողովի` փետրվարի 26-ի նիստն սկսվեց քառօրյա նիստերի օրակարգի քննարկմամբ: Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ առավոտյան տեղի են ունեցել հանձնաժողովների նիստեր եւ դրական եզրակացությամբ օրակարգի առաջին բաժնում ընդգրկվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ...

26.02.2007
Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Ազգային ժողովում
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննա Ֆոտիգայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպանները` Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաշ Կնոտհեն եւ  Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը: Ողջունելով ...