National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.2.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
22.02.2007
Ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նիստը

Փետրվարի 22-ի ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթները, ինչպես նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերը, երկրորդ ընթերցման ընթացակարգով` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը եւ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Օրենսդիրները երրորդ ընթերցմամբ ընդունեցին «Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային արտոնությունների սահմանման մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին», «ՀՀ դատական օրենսգիրքը ուժի մեջ մտնելու մասին» օրինագծերի եւ «Դատախազության մասին», «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ու «Ավիացիայի մասին» օրենսդրական փաթեթները:

Շարունակվեց նախորդ օրը սկսված «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:

ՄԱԿ խմբակցության տեսակետը բարձրաձայնեց խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը` հայտարարելով, որ խմբակցությունը առաջնային է համարում Հայաստանի քաղաքացիների եւ ժողովրդի իրավունքները: ՄԱԿ-ը գտնում է, որ երկքաղաքացին չի կարող լինել ՀՀ կառավարության անդամ եւ վարչապետ` դա դիտարկելով Հայաստանի ինքնիշխանության մասնակի կորուստ. երկքաղաքացին, ստանձնելով ՀՀ վարչապետի կամ նախարարի պաշտոն, պարտավոր է հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից: Օրենսդրորեն կարգավորված չէ ՀՀ նախագահի կամ ԱԺ պատգամավորի` պաշտոնավարման ընթացքում այլ երկրի քաղաքացիություն ստանալու հարցը: Ըստ խմբակցության ղեկավարի` երկքաղաքացիության արգելումը չպետք է դիտարկել ազգային միասնության տեսանկյունից: Եթե կառավարությունը չընդունի ՄԱԿ խմբակցության առաջարկները, ապա ՄԱԿ-ը դեմ է քվեարկելու նախագծին:

«Արդարություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նշվեց, որ երկքաղաքացին չպետք է ունենա ընտրելու իրավունք. «Մարդիկ, ովքեր ապրում են արտերկրում, չպետք է ունենան ՀՀ-ում ապրող մարդկանց ճակատագիրը կանխորոշելու իրավունք»: Պարոն Հարությունյանը, կարեւորելով երկքաղաքացիության ընդունումը ազգային անվտանգության եւ սփյուռքահայերին հայրենիք վերադարձնելու տեսանկյունից, տեղեկացրեց, որ «Արդարությու» խմբակցությունը դեմ է օրինագծին:

ՀՅԴ խմբակցութան ղեկավար Հրայր Կարապետյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, ընդգծեց, որ մեծ է երկքաղաքացիության ընդունման հետաքրքրությունը եւ արտերկրում, եւ Հայաստանում: Ըստ նրա` երրորդ գումարման խորհրդարանը, որն իրականացրել է սահմանադրական փոփոխությունները, պետք է ձեռնամուխ լինի նաեւ այդ փոփոխություններից բխող օրենքների ընդունմանը: Պարոն Կարապետյանը համոզված է, որ երկքաղաքացիության ամրագրումը պետք է համախմբի հայության տարբեր թեւերի շահերը: Խմբակցության ղեկավարը կարեւորեց երկքաղաքացիությունը համահայկական ուժերի եւ շահերի համախմբման տեսանկյունից:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնող Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ երկքաղաքացիության հարցի շուրջ բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել հասարակության տարբեր շերտերում: Տեղեկացվեց, որ ՀՀԿ-ն առաջարկել էր կառավարությանը ընտրելու իրավունք շնորհել այն երկքաղաքացիներին, ովքեր այդ ընտրություններին նախորդած հինգ տարիներից առնվազն մեկում Հայաստանում ունեցել են ռեզիդենտի կարգավիճակ, այսինքն` տուն կամ բիզնես, առնվազն մեկ տարի գտնվել են Հայաստանում: Գագիկ Մինասյանը շեշտեց, որ կողմ է երկքաղաքացիության ընդունմանը:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն արտահերթ ելույթում ճշգրտեց, որ իրականում երկքաղաքացիությանը` որպես ինստիտուտ, նորմ, օրենք, կողմ են բոլոր քաղաքական ուժերը: Ըստ նրա` կառավարության անդամների` երկքաղաքացի լինելու հարցը չափազանցվում է: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` ցանկացած ընտրող պետք է ճանաչի մեծամասնական թեկնածուին, ուստի երկքաղաքացին պետք է ընտրություններին մասնակցի համամասնական ընտրակարգով: Սակայն նա չի ժխտում, որ կարեւորն այս հարցում թափանցիկ ու նորմալ ընտրական համակարգի ստեղծումն է: Պարոն Հովհաննիսյանի համոզմամբ` ռեզիդենտի կարգավիճակի հարցը եւս խնդրի լուծում չէ, քանի որ մեր հասարակության մեջ կան ազդեցիկ մարդիկ, որոնցկենսական շահերը Հայաստանի հետ ոչ մի առնչություն չունեն: Վահան Հովհաննիսյանը կոչ արեց պատգամավորներին թերացումներով հանդերձ ընդունել երկքաղաքացիությունը` դրանց շտկումը վերապահելով գալիք խորհրդարանին:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն արտահերթ ելույթում նկատեց, որ նախագիծն առնչություն չունի ազգային միասնության հետ. «Ազգային միասնությունը դրսեւորվում է համազգային խնդիրների լուծման ժամանակ եւ, բարեբախտաբար, առայժմ նման բան հնարավոր չէ նկատել, այսինքն` պառակտվածություն համազգային խնդիրների լուծման ժամանակ»: Պարոն Թորոսյանի գնահատմամբ` հնչած հարցադրումները կապ չունեն երկքաղաքացիության ընդունման վտանգների հետ. մարդիկ կարող են լինել միայն ՀՀ քաղաքացի եւ կրել ազդեցություն այլ երկրներից, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ: ԱԺ նախագահը, անդրադառնալով երկքաղաքացիների իրավունքներին եւ պարտականություններին, նշեց, որ Սահմանադրությունը, չդնելով երկքաղաքացիության արգելք, նախատեսում է տարբերակում: Այս հարցում նա կարեւորեց Հայաստանում բնակվող հայերի գործոնը, որոնք բազում դժվարություններ եւ զրկանքներ են կրել, սակայն չեն լքել հայրենիքը. «Չպետք է մոռանանք, որ մենք` որպես պատգամավորներ, պարտք ունենք այդ մարդկանց նկատմամբ եւ միշտ հստակ վերաբերմունք պետք է արտահայտենք նրանց նկատմամբ, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում»: Խորհրդարանի նախագահի կարծիքով` այդ վերաբերմունքը պետք է արտահայտվի նաեւ օրենդրության մեջ: Խոսելով ընտրելու իրավունքից` պարոն Թորոսյանը համոզմունք հայտնեց, որ քվեարկելով քաղաքացին որոշում է իր ճակատագիրը, ուստի Հայաստանի ընթացքը այն մարդկանց ճակատագիրն է որոշում, ովքեր ապրում են մեր երկրում: Երբ մարդկանց ճակատագիրը կախված է այլ երկրների ընթացքից, ինչպե՞ս պետք է քվեարկեն ուրիշների ճակատագրի համար: «Քվեարկության իրավունքը նաեւ սեփական ճակատագիրը ու սեփական ընթացքը որոշելու հնարավորություն է, սա ամենամեծ իրավունքն է եւ այս առումով, կարծում եմ, պետք է տարբերություն լինի` այն մարդիկ պետք է որոշեն Հայաստանի ընթացքը եւ ճակատագիրը, ում կյանքն ու ճակատագիրը ուղղակիորեն կախված է Հայաստանի Հանրապետության հետ»,- շեշտեց Տիգրան Թորոսյանը: Ընտրության հարցում պարոն Թորոսյանը խորհուրդ տվեց հաշվի առնել, որ ընտրությունը նաեւ որոշ իրավունքների հետ է կապված` հատկապես նկատի ունենալով Հայաստանը լքած հայերին: «Մնացողների համար նույն պայմաններն են, ինչ-որ գնացողների եւ եթե մարդիկ ունեցել են այդ կամքը մնալու ՀՀ-ում, չհրաժարվելու ՀՀ քաղաքացիությունից` կրելով բոլոր զրկանքները, ուրեմն այդ մարդիկ արժանի են առանձնահատուկ հարգանքի ու վերաբերմունքի, որը պետք է լինի իրական եւ օրենքում արտահայտված վերաբերմունք»,- հավաստեց ԱԺ նախագահը: Նա վստահ է, որ Սփյուռքում բազմաթիվ հայրենակիցներ կիսում են իր կարծիքը: Նա կոչ արեց անջրպետ չստեղծել Հայաստանում եւ Սփյուռքում ապրողների միջեւ: «Վստահ եմ, որ հայերի ճնշող մեծամասնությունը` թե Սփյուռքում, թե Հայաստանում ապրող, հարգում են այս մոտեցումը: Այս մոտեցումը կարեւոր է մեր երկրի զարգացման համար»,- եզրափակեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների առաջարկներին, որոնք վերաբերում էին ՀՀ վարչապետի եւ նախարարների հնարավոր երկքաղաքացիությանը, երկքաղաքացիների ընտրելու իրավունքին եւ այլն: Նախարարը նշեց, որ Սահմանադրությամբ ընտրելու իրավունքը ունիվերսալ իրավունք է, ըստ նրա`  հնարավոր է սահմանափակել միայն ընտրվելու իրավունքը: Նա տեղեկացրեց, որ օրենքով հնարավոր չէ պարտադրել ՀՀ նախագահին եւ ԱԺ նախագահին հրաժարական տալ, եթե նրանք պաշտոնավարման ընթացքում այլ երկրի քաղաքացիություն են ստացել: Սահմանադրությունը թույլ չի տալիս նաեւ նստակյացության ցենզով պայմանավորել ընտրելու իրավունքը:

Առաջին ընթերցման ընթացակարգով օրենսդիրները քննարկեցին «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ: Օրինագծով նախատեսվում է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման վկայականի փոխարեն նորը տալու, իրավաբանական անձանց առանձնացված uտորաբաժանումների եւ հիմնարկների հաշվառման, իրավաբանական անձանց մասնակիցների գրանցամատյաններում կատարվող փոփոխությունների, ինչպեu նաեւ պետական միաuնական գրանցամատյանի տեղեկություններից oգտվելու համար գանձել տուրք:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւս առաջին ընթերցման ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նախագիծը նպատակ ունի կարգավորել օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները ու ապահովել արդարադատության իրականացման եւ մարդու իրավունքների պաշտպանության միջեւ հավասարակշռություն:

Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ «Փոստային կապի մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում փոփոխությամբ կառավարությունը նպատակ ունի կարգավորել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները, դրանց ձեւավորման սկզբունքներն ու կարգը: Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները սահմանելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Առաջին ընթերցմամբ քննարկվող «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենսդրական փաթեթը ներկայացրեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Առաջարկվում է ներդնել ապահովագրության դասակարգում ըստ տեսակների, դասերի եւ ենթադասերի, տարանջատել կյանքի եւ ոչ կյանքի ապահովագրական գործունեությունները: Նախագծում ներմուծվել են ապահովագրական ընկերությունների կորպորատիվ կառավարման սկզբունքները, նորամուծություն է աութսորսինգի ինստիտուտը, որը հնարավորություն է տալիս ապահովագրական ընկերություններին իրենց որոշ գործառույթներ փոխանցել այլ ընկերությունների: ԿԲ նախագահը տեղեկացրեց նաեւ, որ առաջարկվել են ապահովագրական միջնորդության հստակ մեխանիզմներ, ըստ որոնց իրավաբանական եւ ֆիզիկական անձինք կարող են զբաղվել ապահովագրական միջնորդային գործունեությամբ, սահմանվել է ապահովագրական գաղտնիքի ինստիտուտը, կարգավորվել է ապահովագրական ընկերությունների լուծարման եւ վերակազմակերպման գործընթացը:

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » օրինագծի 15, 30 եւ 45 հոդվածներն առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո կազմակերպվեց նախագծի երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկումը: Հիմնական զեկուցող Ռաֆիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ երկրորդ ընթերցման ներկայացված տարբերակում չկան էական տարբերություններ` բացառությամբ ԱԺ աշխատանքների հեռուստատեսությամբ ցուցադրմանը վերաբերող դրույթի: Նա ընդգծեց, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «ԱԺ կանոնակարգ» օրենքի` խորհրդարանի աշխատանքների լուսաբանմանն առնչվող դրույթները` ելնելով ԶԼՄ-ների ազատությանը եւ անկախությանը վերաբերող եվրոպական երկրների կոնվենցիաներից եւ միջազգային փորձից: Պարոն Պետրոսյանը համոզված է, որ ՍԴ-ն պետք է որոշակի ժամկետ սահմաներ` հնարավորություն ընձեռելով խորհրդարանին ԱԺ աշխատանքների լուսաբանման եւ ցուցադրման հարցում պայմանագիր կնքել հեռուստաընկերությունների հետ:

ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը եւ Հովհաննես Մարգարյանը, անդրադառնալով հանրային հեռուստաընկերությամբ խորհրդարանի գործունեության լուսաբանմանը եւ ցուցադրմանը, հայտարարեցին, որ խորհրդարանը հայտնվել է հեռուստատեսային շրջափակման պայմաններում: Պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանն անհրաժեշտություն չի տեսնում այժմ օրենքով ամրագրել գալիք խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը եւ կազմը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերը:

ԱԺ արտահերթ նիստը, սպառելով օրակարգը, ավարտեց աշխատանքները: Կառավարության եւ Ազգային ժողովի համաձայնությամբ` քննարկված օրինագծերի քվեարկությունը կկազմակերպվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում:


22.02.2007
Հայ-սիրիական բարեկամության ամրապնդման նպատակադրումով
Փետրվարի  22-ին ՀՀ ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի նորանշանակ  ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրիին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման հարցեր: Պարոն Հարիրին նշեց, որ սովորաբար դի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am