Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում են միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում:
Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների իրականացման ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային եւ բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ: «ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրների հետ մենք ունենք հետեւյալ հարկային ռեժիմը՝ փոխադրողները բեռնափոխադրում իրականացնելիս երկրների միջեւ ազատվում են տրանսպորտային միջոցի օգտագործումից բխող հարկերից, տուրքերից եւ վճարներից, բացառությամբ այն տուրքերից եւ վճարներից, որոնք ոչ խտրական սկզբունքով գանձվում են նաեւ տվյալ երկրի փոխադրողներից: Արձանագրությամբ առաջարկվում է Ղազախստանի Հանրապետության հետ եւս նման ռեժիմ կիրառել»,- ասել է Արմեն Սիմոնյանը՝ հավելելով, որ արձանագրությունը, որ մշակվել եւ փոխհամաձայնացվել է գործընկեր երկրի համապատասխան մարմինների հետ, ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին:
Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով բեռնափոխադրումների՝ ԵԱՏՄ շրջանակում սահմանված կարգավորումներին:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: