Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի՝ ապրիլի 16-ի որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 21-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Օրակարգում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, որի կարգավորման առարկան եկամտային հարկի տարեկան հաշվարկների՝ հայտարարագրերի ներկայացման ժամկետների սահմանման հետ կապված հարաբերություններն են:
ԱԺ որոշմամբ նախագիծը կքննարկվի հատուկ ընթացակարգով՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
Նախագծի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ մայիսի 1-ը, որը որպես վերջնաժամկետ սահմանված է օրենքով, առաջարկվում է այս տարվա եւ հաջորդ տարվա համար փոխել՝ սահմանելով նոյեմբերի 1-ը: «Այսինքն՝ այն մարդիկ, որոնք հայտարարագիր են լրացնելու այս տարի՝ նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը: Եվ ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի՝ այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը: Զուգահեռաբար, դրանից հետո, հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը, ընդ որում՝ մենք ոչ միայն վերջնաժամկետ ենք սահմանում, այլ նաեւ՝ սկզբնաժամկետ: Այսինքն՝ հիմա մարդիկ, երբ ցանկանան, հայտարարագիր են ներկայացնում՝ հունվարի 1-ից մայիսի 1-ը: Բայց մենք հիմա սահմանում ենք, որ հայտարարագիրը պետք է ներկայացվի մարտի 2-ից»,- պարզաբանել է նախագծի հեղինակը:
Բաբկեն Թունյանը նշել է, որ մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է եկամտահարկի վճարման վերջնաժամկետին: Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Զեկուցողի տեղեկացմամբ նախագիծը մշակվել է Կառավարության հետ համագործակցությամբ եւ կոչված է եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումն առավել սահուն եւ անխոչընդոտ իրականացնելուն:
Նշվել է, որ առայժմ հայտարարագիր ներկայացրել է շուրջ 35 հազար մարդ, որոնցից 15 հազարն օգտվել է սոցիալական ծախսերի հետ ստացման իրենց իրավունքից: Վերադարձվել է շուրջ 1,4 մլրդ դրամ:
Մտքերի փոխանակության ընթացքում ընդդիմադիր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը կարծիք է հայտնել, թե հայտարարագիր չներկայացնելու դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսված, ինչը եզրափակիչ ելույթներում հերքել են նախագծի հեղինակ Բաբկեն Թունյանը եւ փոխնախարար Արման Պողոսյանը:
Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: