Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ հանդիպել եւ զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Հանդիպումը կայացել է մարտի 24-ին եւ ընթացել հարցուպատասխանի ձեւաչափով:
Ուսանողները, մասնավորապես, հետաքրքրվել են խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով: Հասմիկ Հակոբյանը կարեւորել է պայմանագրի ստորագրումը՝ նշելով, որ կա համաձայնեցված տեքստ եւ Հայաստանը պատրաստ է ստորագրելու այն, սակայն պայմանագիրը պետք է ստորագրի նաեւ Ադրբեջանը: Ըստ պատգամավորի՝ փաստաթղթի ստորագրումը կնպաստի տարածաշրջանում երկարատեւ խաղաղությանը:
Պայմանագրի վերաբերյալ ուսանողները ներկայացրել են իրենց կարծիքները:
Հարցեր են հնչել նաեւ Հայաստանի պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի, նոր սահմանադրություն ունենալու մասին: Վերջինիս առնչությամբ պատգամավորը հիշեցրել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր սահմանադրություն ունենալու հարցը եղել է իշխանության օրակարգում եւ նշել է, որ այն չպետք է կապել Ադրբեջանի նախագահի պահանջի հետ: