ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 24-ի նիստում քննարկել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը:
Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ նախաձեռնության նախաբանը վերախմբագրվել է:
Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, ինչի արդյունքում նախաձեռնող խումբն ընդունել է Կառավարության առաջարկը եւ վերաշարադրել նախաձեռնությունը:
«Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է» պարբերությունը վերաշարադրվել է հետեւյալ կերպ. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը` հայտարարում է Հայաստանի Հանրապետության` Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը»:
«Հանձնաժողովի անդամների, Կառավարության ներկայացուցչի եւ նախաձեռնող խմբի անդամների հետ այս տարբերակի շուրջ եկել ենք համաձայնության, համատեղ գեներացրել ենք այս տեքստը»,- պարզաբանել է Արտակ Զեյնալյանը:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախաձեռնության լրամշակված տարբերակի վերաբերյալ:
Արտակ Զեյնալյանը եւ Պարույր Հովհաննիսյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախաձեռնությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: