ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը մարտի 18-ին հանդիպել է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Էնն Ուայրիմու Մումինայի հետ:
Կազմակերպությունը բժշկական օգնություն է ցուցաբերում հակամարտություններից, համաճարակներից, աղետներից տուժած, բժշկական օգնությունից զրկված մարդկանց աշխարհի ավելի քան 70 երկրներում:
Կազմակերպությունը ներկայումս Արշակունյաց բժշկական կենտրոնում իրականացնում է «Հեպատիտ C-ի վերահսկման պարզեցված մոդելի ներդնում Հայաստանում» ծրագիրը, որն աջակցում է հեպատիտ C-ի բուժման մատչելիությանը` մատուցելով «մեկ պատուհանի» ծառայություններ: Հիվանդների թեստավորումը, ախտորոշումն ու բուժումը կատարվում են մեկ վայրում եւ անվճար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի առողջապահական համակարգի կարիքներին եւ այն խնդիրներին, որոնց բախվում են հեպատիտ C-ով հիվանդ մարդիկ ախտորոշման եւ բուժման փուլերում: Ընդգծվել է նման ծրագրերի կարեւորությունը ոչ միայն առանձին հիվանդների առողջության համար, այլեւ հանրային առողջապահության տեսանկյունից՝ կանխելով վիրուսի տարածումը:
Հետագա համագործակցության եւ ծրագրի ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: