Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների գլոբալ համաժողովի շրջանակում պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել Դոմինիկյան Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Դառուելի Դասայի հետ: Տաթեւիկ Գասպարյանը գոհունակությամբ փաստել է վերջին տարիների ընթացքում Հայաստան-Դոմինիկյան Հանրապետություն հարաբերությունների եւ շփումների զգալի ակտիվացումը, ինչի վկայությունն է 2023 թվականի սկզբից Երեւանում գործող Դոմինիկյան դիվանագիտական գրասենյակը: Պատգամավորները երկուստեք համաձայնել են, որ առկա են լավ նախադրյալներ առեւտրատնտեսական, գիտակրթական համագործակցության, զբոսաշրջանային փոխանակումների զարգացման համար:
Քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Դոմինիկյան Հանրապետության միջեւ ուղիղ ավիաչվերթների հաստատման հնարավորությունը: Դառուելի Դասան տեղեկացրել է, որ իր երկիրը ներկայումս դինամիկ տնտեսական զարգացում է ապրում եւ շատ տնտեսական ցուցանիշներով էականորեն գերազանցում է Կարիբյան ավազանի այլ երկրներին: Երկկողմ հարաբերություններում կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության դերը՝ պատգամավորները դիտարկել են երկու երկրների օրենսդիր մարմիններում բարեկամական խմբերի ստեղծման հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: