Մարտի 13-16-ը Մեխիկոյում անցկացվել է Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների առաջին գլոբալ համաժողովը, որին Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների միության նախագահ, Մեխիկոյում տվյալ միջոցառման անցկացման գլխավոր համակարգող, սենատոր Սինտիա Լոպես Կաստրոյի հրավերով մասնակցում է ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամ Տաթեւիկ Գասպարյանը:
Համաժողովը մեկնարկել է մարտի 14-ին Նախագահական պալատում: Բացման խոսքով հանդես է եկել Մեքսիկայի առաջին կին նախագահ Կլաուդիա Շեյնբաումը: Իր խոսքում նա ընդգծել է համաժողովի անցկացման կարեւորությունը իրենց երկրում` ողջունելով աշխարհի տարբեր երկրների շուրջ 350-ից ավելի կանանց մասնակցությունն այդ միջոցառմանը:
Երկրի իշխանություններն իրականացնում են կանանց առավել լայն ներգրավվածության քաղաքականություն: Մեքսիկան աշխարհում այն եզակի երկրներից է, որտեղ դաշնային, նահանգային եւ տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններում սեռային համահավասար ներգրավվածությունը սահմանադրական նորմ է հանդիսանում:
Համաժողովի բացմանը մասնակցել են Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյան, Պատգամավորների պալատի նախագահ Սերխիո Գուտիեռես Լունան, Մեխիկոյի քաղաքապետ Կլարա Բրուգադա Մորինան: