National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.3.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
06.03.2025
Խորհրդարանն ընդունել է խաղային ոլորտին վերաբերող օրենսդրական փաթեթն ու ավարտել հերթական նիստերի աշխատանքը
1 / 11

Ազգային ժողովը մարտի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած փոփոխություններն ու լրացումները Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում:

Առաջարկվում է երկու անգամ բարձրացնել օնլայն կազինոների եւ բուքմեյքերական գործունեության համար նախատեսված տուրքերը:

«Կունենանք տարեկան շուրջ 13 մլրդ դրամ հավելյալ պետական եկամուտներ»,- այս մասին նշել է օրենսդրական փաթեթի հեղինակը: Ֆինանսական բեռը տարեցտարի կբարձրանա եւ այս գործիքի միջոցով հնարավոր կլինի լուծել խաղային օպերատորի հարցը: Հայկ Սարգսյանի խոսքով օպերատորի միջոցով սահմանափակվելու են օնլայն կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի եւ պետծառայողների դեպքում առհասարակ արգելք է դրվելու:

«Ամբողջ աշխարհում, նաեւ Հայաստանում վերջին տարիներին գրանցված ինքնասպանությունների զգալի մասի պատճառը խաղամոլությունն է, որից անմասն չի կարող մնալ բանակը, որը մեր հասարակության հայելին է: 2024 թվականին բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետեւանք է»,- նման վիճակագրական տվյալներ է ներակայացրել հիմնական զեկուցողը:

2024 թվականին օնլայն կազինոների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 մլրդ դրամ: «Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, համախառն ներքին արդյունքը կաճեր 10-15 տոկոսով, իսկ պետական եկամուտները` 7,34 տոկոսով»,- փաստել է Հայկ Սարգսյանն ու խոսել այսօր խաղատների եւ օնլայն կազինոների գործունեությունը Հայաստանում օրենքով չարգելելու մասին: Նրա խոսքով պատճառն այն է, որ դեռեւս չունենք համացանցը կառավարելու եւ արտասահմանյան օնլայն կազինոների հասանելիությունը մեր երկրում գոնե 90 տոկոսով արգելափակելու հնարավորություն: «Պատրաստվում եմ անել հնարավորը, որ մեր պետությունն ունենա այդ տեխնիկական հնարավորությունը, որից հետո կանենք նոր օրենսդրական փոփոխություններ եւ առավելագույնս կսահմանափակենք այս արատավոր երեւույթը»,- ընդգծել է պատգամավորը եւ շնորհակալություն հայտնել Կառավարության ղեկավարին այս կարեւորագույն նախաձեռնությանն աջակցելու համար:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ երկրորդ ընթերցման ընթացակարգում ի սկզբանե նախատեսված հարկային բեռի չափը մի քանի անգամ նվազեցվել է, քանի որ հարկը պետք է լինի տրամաբանական եւ չի կարող ավելի մեծ լինել, քան այդ ընկերությունների եկամուտը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը կարեւորել է մինչեւ տարեվերջ խաղային օպերատոր ունենալու հանգամանքը: Ըստ Բաբկեն Թունյանի` կարգավորումները պետք է այնպես լինեն, որ ոլորտը չունենա գերշահույթներ եւ միաժամանակ չլինեն այնքան խիստ, որ մարդիկ իրենց ֆինանսական հոսքերը տեղափոխեն կասկածելի օտարերկրյա կայքեր եւ ավելի մեծ վնասներ ունենան: Նա հավելել է, որ նախաձեռնությունը լուծում է ոչ թե խաղամոլության չտարածման, այլ արդարացի հարկման խնդիրը: Հանձնաժողովի փոխնախագահն առաջարկել է կողմ քվեարկել:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում Կառավարությունն առաջարկել է խաղային ոլորտի համար բեռի բարձրացումը կատարել պետական տուրքի դրույքաչափերի շարունակական բարձրացման տրամաբանությամբ: Այս մասին հայտնել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ու հիշեցրել, որ պետական տուրքը նախատեսված է խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու քվոտավորման տրամաբանությամբ: Կառավարության առաջարկով ապրիլի մեկից երկու անգամ կբարձրանա պետական տուրքը, այնուհետեւ տարվա սկզբից աճը կլինի շարունակական այս պահին գործող պետական տուրքի չափով` մինչեւ խաղային ոլորտի մոնիտորինգային կենտրոնի ստեղծումն ու օպերատորի ինստիտուտի ներդնումը:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորները եւս կարեւորել են խաղային օպերատորի դերը ոլորտի խնդիրների լուծման հարցում, խոսել խաղային ոլորտի բիզնեսի արգելման հնարավորության, դրա ռիսկերի ու դրանց կառավարման մասին: Առաջարկվել է քննարկել շահութահարկի դրույքաչափը վերանայելու հարցը:

«Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով` Թադեւոս Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ նման լուծումներով բնագավառի խնդիրները չեն կարգավորվում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ խաղային օպերատորին վերաբերող օրենքը թեպետ ընդունվել է անցած տարի, բայց օպերատորը պետք է ներդրվի այս տարվա ընթացքում: Ըստ նրա` պետությունը պետք է ամեն քայլ անի ու առավել կարճ ժամանակահատվածում թեկուզ իմպերատիվ տարբերակներով սահմանափակի խաղադրույքների տարածումը:

Հայկ Սարգսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:


06.03.2025
Կարեւորվել են Հայաստանում իրականացվող գենդերային հավասարության եւ խտրականությունից պաշտպանության բարեփոխումներին ուղղված աշխատանքները
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 6-ին հանդիպել են «Քլաբ դե Մադրիդ» ֆորումի եւ «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ու ՕքսԵ...

06.03.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Մանրամասները` տեսանյութում:...

06.03.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է Աղվան Վարդանյանը: Պատգամավորը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

06.03.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am