Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում: Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Նոր կարգավորմամբ այդ վճարները կկրկնապատկվեն, իսկ սիգ ձկնատեսակի դեպքում` կեռապատկվեն: Հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պարզաբանել է, որ այժմ 1 կգ սիգի համար բնօգտագործման վճարը 65 դրամ է, փոխոխությամբ կսահմանվի 200 դրամ: Վճարման կարգում եւս փոփոխություն է մտցվել: Նոր կարգավորմամբ եթե քաղաքացին կամ տնտեսավարողն ունի կենդանական աշխարհի որեւէ օբյեկտի օգտագործման իրավունք, ապա պետք է վճարի պայմանագրի կնքման ժամանակ, այլ ոչ թե օգտագործման դեպքում:
Նախարարը տեղեկացրել է, որ տարիների ընթացքում մեծանում է արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակը: Դա ցույց է տալիս, որ սիգ ձկնատեսակի պաշարները թույլ են տալիս կազմակերպելու այդ որսը եւ նաեւ ավելացնելու այդ քվոտան:
Պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան` նախարարը տեղեկացրել է, որ ապօրինությունների կրճատման համար հիմնվում է Էկոպարեկային ծառայություն, որը 24-ժամյա հսկողություն կիրականացնի նաեւ Սեւանա լճում: Դա ոչ միայն սիգ ձկնատեսակի մասով ապօրինությունները կրճատելու, այլ նաեւ դրանց վերաբերյալ ճշգրիտ վիճակագրություն ունենալու հնարավորություն կտա:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը քննարկվող հարցի վերաբերյալ դրական էր. այս մասին հայտնել է Միքայել Թումասյանը: