Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվի պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված՝ ամրացված, պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը, ինչն էլ կնպաստի պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Խորհրդարանը մարտի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:
Նրա խոսքով գործող օրենսդրության համաձայն, ըստ էության, պետական սեփականություն հանդիսացող հողերի սեփականատեր հանդիսանում է պետությունը, սակայն զրկված է օրենսդրությամբ սահմանված կարգով լիարժեք տնօրինելու եւ տիրապետելու հնարավորությունից, եւ, ըստ էության, հողամասերի հանրային օգտակարության բարձրացման կամ տնտեսական շրջանառության մեջ դնելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում: Բացի այդ, ներկա պահին պետական մարմինների տնօրինությանն են հանձնված օտարման կամ հետագա կառավարման համար նախատեսված հողամասեր, որոնց գծով Կառավարությունը` ի դեմս կոմիտեի, համապատասխան լիազորություններ չունենալու պատճառով չի կարողանում իրականացնել արդյունավետ կառավարում, այդ թվում` անհատույց օգտագործման կամ նվիրատվության տրամադրում:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է Լիլիթ Կիրակոսյանը: