ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Վլադիմիր Վարդանյանը:
Նախագիծը ներկայացրել է Սիսակ Գաբրիելյանը: Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո այն լրամշակվել է:
Նախաձեռնության նպատակն է ապահովել պետության եւ հասարակության համար մշակութային, պատմական, գեղարվեստական, գեղագիտական կամ այլ արժեքավոր նշանակություն ունեցող որոշ խումբ գույքերի՝ այլ նպատակներով օգտագործման, տիրապետման դեպքերի նվազեցումը: Սիսակ Գաբրիելյանը կրկին հիշեցրել է, որ նախաձեռնությունը որեւէ մեկից սեփականության իրավունք խլելու եւ այն այլ անձի օտարելու նպատակ չի հետապնդում:
Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: Հիմնական կարգավորումները՝
այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը:
Այն հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը եւ Ալեն Սիմոնյանը:
Առաջարկվող կարգավորումը նպատակ ունի սահմանել եւ հրապարակել ՀՀ օրհներգի պաշտոնական եւ առանձին դեպքերի համար նախատեսված տարբերակը, որոշակիացնել դեպքերը` օրհներգի ամբողջական եւ կարճ խմբագրմամբ օգտագործվելու համար:
Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:
Հիմնական կարգավորումները՝
այստեղ:
««Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը: Նշվել է, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել:
Հիմնական կարգավորումները՝
այստեղ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը լրամշակման նպատակով հետաձգվել է: