Կարծում եմ՝ այսօր Հայաստանում երկու հիմնաքարային ազատություններն ապահովված են: Դրանք մարդու ընտրելու իրավունքն ու խոսքի ազատությունն են, որոնցից բխող բազմաթիվ այլ իրավունքներ ավելի իրացնելու եւ պահպանելու հնարավորություն կա: Ներկայում մեր երկրում լրջագույն խնդիրներ կան ինչպես երեխաների, այնպես էլ կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված, որոնց ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են տարվում: Այս մասին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանն ասել է ճանաչողական այցով Ազգային ժողով այցելած Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցներին, որոնք սովորում են ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում:
Արթուր Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հիմնական գործառույթները: Պատգամավորը պատասխանել է ուսանողների բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը, խոսքի ազատությանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին, Հայաստանի օրենսդրությունը Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկելուն: Մեր երկրի՝ Եվրամիության հետ համագործակցության համատեքստում պատգամավորը տեղեկացրել է, որ այսօր ԱԺ-ում անցկացվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը:
Իսկ Հայաստանի՝ նոր սահմանադրություն ունենալու հարցի մասին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ իշխանության օրակարգում նոր սահմանադրություն ունենալու հարցը եղել է դեռեւս 2018 թվականի հեղափոխությունից հետո եւ նշել, որ այն չպետք է կապել Ադրբեջանի նախագահի պահանջի հետ: Նա ընդգծել է նոր սահմանադրության մշակման եւ ընդունման գործընթացներում հասարակության բոլոր շերտերի ներգրավվածության կարեւորությունը:
Արթուր Հովհաննիսյանի խոսքով, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանված լինեն, անհրաժեշտ է ունենալ քաղաքական կամք եւ լինել ժողովրդավար պետություն:
Հանդիպումը կայացել է փետրվարի 25-ին: