ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փետրվարի 24-ին հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, ԵՊՀ-ի եւ ՀՀ ազգային ակադեմիայի` խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ:
Հասմիկ Հակոբյանը կարեւորել է երիտասարդների դերը երկրի զարգացման գործընթացում: Պատգամավորն անդրադարձել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին` նշելով, որ օրենսդրորեն կստեղծվի պետական երիտասարդական քաղաքականության սահմանման եւ նպատակների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքը: Հասմիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է Հայաստանի մարզերում բացել 25 երիտասարդական կենտրոն:
Հանդիպման ընթացքում պատգամավորը խոսել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի, որն արդեն երեք տարի հաջողությամբ իրականացվում է, ինչպես նաեւ «Երիտասարդ խորհրդարանի» մասին: Անդրադարձ է կատարվել «Ակադեմիական քաղաք» ծրագրին: Կարեւորելով Կառավարության նախաձեռնությունը` Հասմիկ Հակոբյանը նշել է, որ այն լինելու է ժամանակակից հետազոտական եւ նորարարական գործունեություն ապահովող միջավայր, որտեղ բուհական կրթությունը կազմակերպվելու է նորովի: Անդրադարձ է կատարվել նաեւ բուհերի խոշորացմանը, մարզերում գործող ուսումնական հաստատությունների խնդիրներին, պարտադիր հայտարարագրմանը վերաբերող եւ այլ հարցերի:
Հանդիպման ավարտին օրենսդիրի ներկայացուցիչն ուսանողներին հորդորել է իրենց գիտելիքներն օգտագործել ի նպաստ մեր երկրի զարգացման, լինել ակտիվ եւ նախաձեռնող: