Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Հարգելի' գործընկերներ,
Բոլորս նոր աշխարհակարգի ձեւավորմանն ականատես ենք, ինչը միջազգային կազմակերպությունների կառուցվածքի, ռազմավարության եւ մեխանիզմների վերատեսություն է ենթադրում:
Իմ երկրում շատերն են կասկածի տակ դնում միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՀԿ-ի եւ նրա ԽՎ-ի ազդեցությունն ու հեղինակությունը` համարելով, որ այն հեռացել է իր` մեր հայտարարված արժեքներից եւ պարտավորություններից:
Պետք է անկեղծ լինենք եւ բարձրաձայնենք, որ գնալով խորանում է մեր հռետորաբանության եւ իրականության, խոստումների եւ իրական գետնի վրա գործադրված քաղաքականության միջեւ խզումը, ինչը ծնում է հուսահատություն եւ հիասթափություն:
Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության` էթնիկ հայերի բռնի, ուժի գործադրմամբ տեղահանումից երկու տարի է անցել: Անտեսելով միջազգային տարբեր կառույցների բանաձեւերն ու միջազգային դատարանի որոշումները` Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտման գործողություն` հարկադրելով բնիկ բնակչությանը` ավելի քան 120.000 հայերի լքել իրենց նախնիների երեքհազարամյա հայրենիքը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ այլ միջազգային կազմակերպություններ ձախողել են` պատասխանատվության չենթարկելով Ադրբեջանին ցեղասպանական գործողությունների, միջազգային իրավունքի կոպիտ խախտման համար: Որեւէ քայլ չի ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության անվտանգ վերադարձը երաշխավորելու համար: Իսկ մինչ այդ Ադրբեջանը շարունակում է վերացնել տարածաշրջանի հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը, հայկական ինքնությունը:
Դժվար է հավատալ, որ ցեղասպանությունները մեր ժամանակներում դարձել են «նոր բնական իրողություններ»:
Այսօր, փակ դռների ետեւում, միջազգային մարդասիրական բոլոր իրավունքների ոտնահարմամբ Բաքվում տեղի է ունենում հայ գերիների եւ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը:
Իրավական պաշտպանության բոլոր իրավունքները խիստ խոչընդոտված են: Կան հիմնավոր զեկույցներ խոշտանգումների եւ տարրական իրավական պաշտպանության մերժման մասին:
Ելնելով վերոհիշյալից` կոչ եմ անում իմ հարգարժան գործընկերներին` Մարդու իրավունքների զեկուցողին եւ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչին, անհապաղ եւ անմիջական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:
Սա պայքար է հանուն մարդու համընդհանուր հիմնարար իրավունքների` արժանապատվության եւ ազատության իրավունքի:
Ադրբեջանին անպատիժ թողնելը հարված է միջազգային իրավական համակարգին եւ արդարադատությանը:
Ցանկանում եմ հատկապես ընդգծել Բաքվում ԵԱՀԿ ԽՎ դիտորդական խումբ գործուղելու հրատապությունը` դիտարկելու Ադրբեջանում մարդու իրավունքներն ու, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի պետական եւ ռազմական ղեկավարության ապօրինի ազատազրկումը: Այս ուղղությամբ ուղարկվել են համապատասխան նամակներ:
Ես խորապես հավատում եմ, որ արդյունավետ եւ բարոյական քաղաքականության հիմքում հայտարարված սկզբունքների ու նպատակադրումների հավատարմությունն է:
Շնորհակալություն»,- իր ելույթում ասել է Լիլիթ Գալստյանը: