National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.2.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
18.02.2025
Քննարկվել են պատգամավորական բարեվարքության եւ վարքագծի կանոնագրքի հարցերը
1 / 17

Ազգային ժողովում փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների եւ փորձագետների հանդիպումը: Քննարկումների առանցքում եղել է պատգամավորական բարեվարքության եւ վարքագծի կանոնագրքի թեման:

«Տեւական ժամանակ է քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի լավագույն մոդել ունենալու հարցը: Մենք ունենք նախնական նախագիծ»,- այս մասին հայտնել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ այս գործընթացում բարձր գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ դեռեւս յոթերորդ գումարման խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի եւ պատգամավորի վարքագծի կանոնների մշակման շուրջ աշխատանքները, մի շարք հանգամանքներով պայմանավորված, հետաձգվել էին: Այժմ այդ աշխատանքները վերսկսել են: Ըստ պատգամավորի՝ էթիկայի հանձնաժողով ունենալը կարեւոր է, քանի որ դրանով է պայմանավորված թե՛ խորհրդարանում քաղաքական, ժողովրդավարական մշակույթի զարգացումը, թե՛ առհասարակ քաղաքական համակարգի կայացումը:

«Եթե ունենայինք վարքագծի հստակ կանոններ՝ համաձայնեցված բոլոր խմբակցությունների կողմից, ունենայինք ֆունկցիոնալ էթիկայի հանձնաժողով, ապա դա կարող էր բավականին զսպող ազդեցություն ունենալ պատգամավորների վրա՝ իրենց դրսեւորումների առումով»,- խոսելով խորհրդարանում բարեվարքության ապահովման կարեւորության մասին՝ համոզմունք է հայտնել Արուսյակ Ջուլհակյանը:

«Հաշվետվողականությունը, բարեվարքությունը, թափանցիկությունը ոչ միայն կենսական կարեւորություն ունեն, այլեւ ուժեղացնում ու ամրապնդում են ժողովրդավարության հիմքերը, որովհետեւ դուք ներկայացնում եք ձեր ժողովրդին: Կարեւոր է, որ խորհրդարանի անդամները համապատասխանեն բարեվարքության ամենաբարձր մակարդակին, ժողովուրդն ունենա վստահություն հաստատությունների նկատմամբ: Հետեւաբար, լավ սահմանված վարքագծի կանոնները շատ կարեւոր են թե՛ խորհրդարանների համար, թե՛ մյուս ինստիտուտներին ոգեշնչելու առումով»,- փաստել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերի բաժնի ղեկավար Յուլյա Նետեսովան ու տեղեկացրել՝ առկա են ԳՐԵԿՈ-ի (ԵԽ-ի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ) առաջարկները, որոնցով եւս կարեւորվում է էթիկայի մշտական հանձնաժողովի առկայությունը:

Այնուհետեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդավարական կառավարման հարցերով փորձագետ, ԺՀՄԻԳ-ի հակակոռուպցիոն հարցերով համակարգող Նինա Չանթուրիան շնորհանդեսի շրջանակում մանրամասն ներկայացրել է ԺՀՄԻԳ-ի աշխատանքը հանրային էթիկայի եւ բարեվարքության ոլորտում, անդրադարձել ԵԱՀԿ տարածաշրջանում հաջողված մոդելներին: Նշվել է, որ 2007 թվականին ԵԱՀԿ տարածաշրջանում վարքագծի կանոններ ուներ 9 խորհրդարան, իսկ այսօր՝ 43: Մանրամասն անդրադարձ է եղել պատգամավորական բարեվարքության հիմնական հասկացություններին ու մեխանիզմներին, վարքագծի կանոնների իրացման եղանակներին, խախտման դեպքում սահմանված պատժամիջոցներին, հակակոռուպցիոն ուղղություններին, քաղաքականության մեջ կանանց նկատմամբ բռնությունների հայտնաբերմանն ու բացառմանը, շահերի բախման խնդրին: Ներկայացվել են բարեվարքության համակարգի առանձնահատկությունները մի շարք երկրների՝ վարքագծի կանոններ ունեցող խորհրդարաններում:

Հարցուպատասխանի ձեւաչափին հաջորդել է մեր երկրի խորհրդարանում վարքի կանոնագրքի նախագծի եւ պատգամավորական բարեվարքության շրջանակի քննարկումը:

Քննարկման մասնակիցները կարեւորել են ՀՀ խորհրդարանական մշակույթին բնորոշ վարքագծի կանոնների սահմանումը: Կարծիք է հնչել՝ ահրաժեշտ է կայուն մեխանիզմ, որն անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից՝ իր գործառույթն ամբողջությամբ կիրականացնի:

Ավարտին Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է նման հանդիպումները եւ առաջիկայում նմանատիպ քննարկում կազմակերպելու եւ խնդիրներին առավել առարկայական անդրադառնալու առաջարկ հնչեցրել:


18.02.2025
Քննարկվել են «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» ՀԿ-ի խնդիրները
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը փետրվարի 18-ին հանդիպել է «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հյուրերը ներկայացրել են ֆեդերացիայի խնդիրները, որոնք առնչ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am