National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
21.01.2025
Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ
1 / 4

Կառավարությունը բազմիցս մշակել է երիտասարդության քաղաքականությանն առնչվող ոլորտային ռազմավարություններ, առաջադրել ծրագրեր, սակայն մինչ օրս առկա չէ ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները սահմանող եւ այդ քաղաքականության իրականացման համար իրավական հստակեցումներ ապահովող օրենք: Կառավարության հեղինակած «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը միտված է լրացնելու այդ բացը. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Օրենքում երիտասարդական պետական քաղաքականությունը սահմանվում է որպես Կառավարության կողմից ընդունված ծրագրերի եւ միջոցառումների համակարգ` միտված երիտասարդների կարողությունների բացահայտմանը, զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների եւ նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը եւ այդ լուծումների շուրջ հանրային խոսույթի ձեւավորմանը, ինչպես նաեւ քաղաքական, սոցիալտնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը»,- ընդգծել է զեկուցողը:

Նշվել է, որ երիտասարդական քաղաքականությունն ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ եւ մրցունակ երիտասարդի ձեւավորմանը:

Նախաձեռնությամբ հստակեցվում են երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սահմանվում է երիտասարդի տարիքը` 13-35, որին ուղղված է երիտասարդական քաղաքականությունը: Ամրագրվում են երիտասադրության ոլորտի հիմնական դերակատարները, նրանց գործառույթները, լիազորություններն ու պարտավորությունները: Սահմանվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրմանը, երիտասարդների համար նոր ծրագրերի առաջադրմանը, օրենքի ընդունումից հետո ՏԻՄ-երի դերակատարությանը:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորի խոսքով նախաձեռնությունը մանրամասն քննարկվել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթում պատգամավոր Լիլիթ Գալստյանը բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ իր մտահոգություններն ու դիտարկումները: Նա նշել է, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքում առկա չէ որեւէ կարգավորում պետության կողմից երիտասարդական կենտրոն հիմնելու վերաբերյալ, սահմանված չեն մի շարք հասկացություններ, այդ թվում` ի՞նչ է երիտասարդության բաղադրիչը եւ դրա վերաբերյալ փորձագիտական վերլուծությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձանագրել է` «Առաջին անգամ ՀՀ-ում մենք ընդունելու ենք «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք, որն իր հերթին պետք է ունենա մշակված գործողությունների պլան ապագայում, ծրագիր, ուղղություններ, սակայն ամենակարեւորը` քաղաքական ուղերձն ու հայեցակարգն է եւ քայլերի հաջորդականությունը»: Հայկ Կոնջորյանի խոսքով երիտասարդության քաղաքականության շրջանակում անհրաժեշտ է Հայաստանում այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ կդրսեւորվի երիտասարդների տաղանդը:

«Երիտասարդական քաղաքականության մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 21-ի ԱԺ նիստում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am