Մշակութային ժառանգության ասիական դաշինքը (ՄԺԱԴ) չինական նախաձեռնություն է, վերաբերում է ասիական տարածաշրջանի երկրներին: Այն ստեղծվել է 2021 թվականին, 10 պետությունների շարքում մեր երկիրը եւս կառույցի հիմնադիր անդամ է: ՄԺԱԴ-ը կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի եւ շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ է, որն ուղղված է Մշակութային ժառանգության պահպանության ասիական նախաձեռնության իրականացմանը: Նպատակն է զարգացնել մշակութային ժառանգության պահպանության եւ օգտագործման կարողություններն ու համակարգել մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանությունն ամբողջ Ասիայում:
ԱԺ պատգամավորները հունվարի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել են ««Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլի 25-ին, ներկա պահին այն ընդունել են 14 երկիր, բայց այդ գործընթացը շարունակական է: Կանոնադրության վավերացման դեպքում Հայաստանը որեւէ ֆինանսական կամ գույքային պարտավորություններ չի ստանձնում: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Փոխնախարարի գնահատմամբ նախաձեռնության ընդունումը լրացուցիչ հնարավորություն է մեր մշակույթի հանրահռչակման, մշակութային ժառանգության պաշտպանության եւ մշակույթի ռազմավարությամբ ու պետական ռազմավարական այլ փաստաթղթերով ամրագրված այլ նպատակները միջազգայնորեն առաջադրելու առումով:
Հարակից զեկույցում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը կարեւորել է այն փաստը, որ դաշինքի համար խորհրդատվական մարմին է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Նա անդրադարձել է նաեւ կառույցի գիտական խորհրդի առաջիկա գործունեության արդյունավետությանը: