Վերջին տարիներին նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներն են իրականացվում, եւ արդեն շուրջ 530 մանկապարտեզում ներդրվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը: Չափորոշչի ներդրման շրջանակում արդեն ի հայտ է եկել որոշ կարգավորումներ կատարելու անհրաժեշտություն, ինչի նպատակով էլ փոփոխություններ են առաջարկվում օրենքում: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը` ԱԺ հունվարի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարի տեղեկացմամբ առաջարկվում է օրենքում ներդնել «մենթոր մանկապարտեզ» հասկացությունը, ինչը հնարավորություն է տալու մենթոր ուսումնական հաստատությունների եւ այդ հաստատություններում աշխատող մենթորների կողմից նաեւ վերապատրաստման աշխատանքներ իրականացնել այն մանկապարտեզներում, որոնցում ներդրվելու է նախադպրոցական կրթության չափորոշիչը: Կա 23 նման մանկապարտեզ, որոնք 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում 350 մանկապարտեզների մանկավարժների վերապատրաստել են եւ նախապատրաստել չափորոշչի ներդրմանը:
Մեկ այլ փոփոխություն վերաբերում է լիցենզավորման ոլորտին: «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն 2024 թվականին նախադպրոցական կրթություն իրականացնող բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ մասնավոր, պետք է լիցենզավորվեին, եւ դրա շրջանակում լիցենզավորվել է շուրջ 150 նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատություն: Դրանցից 87-ը լիցենզավորվել է 2024 թվականին: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ լիցենզիա կարող է ստանալ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունը: Հստակեցվում են նաեւ «այլընտրանքային նախադպրոցական ծառայություն» եւ «նախադպրոցական ծառայություն» հասկացությունները:
Առաջարկվող այլ փոփոխություններ վերաբերում են մանկապարտեզներում աշխատող մանկավարժական աշխատակիցների բացի լրացմանը, հատկապես՝ մարզերում, դայակների վերապատրաստմանը, տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը:
Մեկ այլ առաջարկ վերաբերում է մանկապարտեզների տնօրեններին ներկայացվող պահանջին: Գործող կարգավորմամբ նրանք պետք է ունենան մանկավարժական ստաժ: Առաջարկվում է սահմանել մանկավարժական կամ գիտամանկավարժական ստաժի պահանջ:
Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ այսօր նախադպրոցական կրթություն է ստանում շուրջ 82,760 երեխա, եւ այդ թիվը տարեցտարի ավելանում է:
Նախագծի վերաբերյալ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Բաբայանը: