ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստը մեկնարկել է օրերս ողբերգական կերպով մահացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը հարգելով:
««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելիս պարտադիր կլինի նաեւ ներդրված Վտանգների վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգի (ՎՎՀԿԿ) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության եւ հաստատված պլանի ներկայացումը, որն էլ ցանկացած ընկերության համար կդառնա բրենդ եւ կվկայի, որ ձեռնարկությունը համապատասխանում է ներդրված հիմնական սկզբունքներին եւ ապահովում է սննդամթերքի արտադրության գործընթացների անվտանգությունը, ինչը սպառողների շրջանում էլ ավելի կբարձրացնի վստահությունը տվյալ ընկերության հանդեպ:
Այս մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը՝ ներկայացնելով ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում կատարվող փոփոխությունը:
Փոխնախարարի խոսքով Հայաստանի Հանրապետությունում սննդի շղթայի օպերատորները (բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով եւ շրջիկ առեւտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների) գրանցման համար սննդի շղթայի օպերատորների գրանցման եւ ռեեստր վարող մարմին այսուհետ օրենքով սահմանված տեղեկատվության հետ ներկայացնելու են նաեւ ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն եւ հաստատված պլանը, ինչը ապացույց է, որ ընկերությունը պատասխանատու է սննդամթերքի անվտանգության համար եւ իր ձեռնարկությունում կիրառում է անվտանգության եւ որակի կառավարման առաջադեմ գործիքներ, ինչը կնպաստի ձեռնարկությանը շուկաների դիվերսիֆիկացման հարցում: Վերը նշված դրույթն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից:
Օրենքում հաջորդ լրացմամբ կսահմանվի կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման հումքի եւ մթերքի ստացման դեպքում տեղեկատվություն նաեւ կենդանու բուծման երկրի մասին, ինչպես նաեւ իրավական որոշակիությունից ելնելով՝ նախագծում սահմանել համապատասխան լիազորող նորմ:
Փոխնախարարը նշել է, որ փոփոխությունները միտված են պաշտպանելու մարդու կյանքն եւ առողջությունը, ինչպես նաեւ կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: