ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին՝ ժամը 17:30-ից, Երեւանի Կոզեռնի փողոցում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հրաժեշտի արարողությունը հունվարի 16-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:
Մհեր Սահակյանը ծնվել էր 1988 թվականի հունվարի 30-ին Երեւանում:
2008 թվականին ավարտել էր Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: Փաստաբան:
2008-2009 թվականներին աշխատել էր «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ իրավաբան, 2009-2010 թվականներին՝ «Գրանդ տաբակո» հայ-կանադական ՀՁ իրավախորհրդատու: 2012 թվականին աշխատել էր ՀՀ դատական դեպարտամենտի կրտսեր մասնագետ: 2014-2019 թվականներին եղել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավաբանական եւ պայմանագրային վարչության պետ, ապա՝ տնտեսական, տեղեկատվական եւ վերլուծության վարչության պետ: 2021-2022 թվականներին՝ ԱԺ պատգամավորի օգնական՝ հասարակական հիմունքներով:
2016 թվականից ՀՅԴ անդամ էր:
2022 թվականի դեկտեմբերի 10-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած էր, ուներ չորս զավակ: