Հանրային ներդրումների կառավարման գործընթացը կարգավորվում է Կառավարության որոշմամբ, որի լիազոր նորմը սահմանված է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով: Իսկ «Բյուջետային համակարգի մասին» օրենքը կարգավորում է պետական բյուջեի ծախսերի իրականացման գործընթացները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի խոսքով «Բյուջետային համակարգի մասին» օրենքում որեւէ սահմանում չկա հանրային ներդրումների եւ հանրային ներդրումային ծրագրերի վերաբերյալ: Տարընթերցումներից խուսափելու նպատակով նախաձեռնությամբ ներմուծվում են «Հանրային ներդրումներ» եւ «Հանրային ներդրումային ծրագիր» տերմինները:
Փոփոխություններով նախատեսվում է, որ հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգը կսահմանի Կառավարությունը:
Զեկուցողի տեղեկացմամբ նախաձեռնությամբ առաջարկվում է նաեւ հստակեցնել օրենքի այն դրույթները, որոնք անմիջականորեն վերաբերում են բյուջետային ծրագրերին:
Հանրային ներդրումների կառավարմանը եւ ներդրումային ծրագրերին վերաբերող դրույթներն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից եւ կտարածվեն 2027 թվականի բյուջետային գործընթացի վրա:
««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն: