ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, խմբի անդամներ Արսեն Թորոսյանը եւ Դավիթ Կարապետյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել են Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Լյուբով Շպակի եւ Գերագույն ռադայի պատգամավոր Վադիմ Իվչենկոյի հետ: Ուկրաինացի պատվիրակները մեր երկրում էին ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Նշենք, որ Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի նոր ղեկավար է ընտրվել Դմիտրի Միկիշան: Այս համատեքստում կարեւորվել է բարեկամական խմբերի ղեկավարների մակարդակով երկկողմ գործակցության ակտիվացումն ու հետագա շփումների սերտացումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Քննարկվել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: Առանձնահատուկ կարեւորվել է միջխորհրդարանական գործընկերության դերը երկկողմ կապերի ընդլայնման գործում: