ՀՀ ԱԺ աշխատակազմը 2024 թվականի դեկտեմբերի 9-ից 23-ը ներառյալ կիրականացնի ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:
ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 5-րդ կետի համաձայն` լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում ԱԺ աշխատակազմի ղեկավարին` (ք. Երեւան, 0095, Մարշալ Բաղրամյան 19) ներկայացնելով.
1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձեւը, գտնվելու վայրի հասցեն, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածքի պատճենը (սկանավորված տարբերակը), իսկ ֆիզիկական անձի դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), հանրային ծառայությունների համարանիշը, մշտական բնակության վայրի հասցեն եւ անձնագրի պատճենը (սկանավորված տարբերակը).
2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), զբաղեցրած հաստիքը, հանրային ծառայությունների համարանիշը եւ բնակության վայրի հասցեն.
3) զանգվածային լրատվության այն միջոցի (միջոցների) անվանումը, որը (որոնք) պետք է ներկայացնի հավատարմագրված լրագրողը.
4) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ) եւ երկու լուսանկար (3x4 չափսի).
5) լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները.
6) հավատարմագրման ժամկետը, եթե այն նախատեսվում է մեկ նստաշրջանից պակաս ժամկետով:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը հավատարմագրման համար սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացնի նաեւ Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի համար Հայաստանի Հանրապետության հավատարմագրում չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի անունից ներկայացվել է հավատարմագրման դիմումը:
Ազգային ժողովում կարող են հավատարմագրվել ՀՀ արդարադատության նախարարությունում հաշվառված` 1000 եւ ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերի, ամսագրերի եւ շաբաթաթերթերի, օրական 2000 եւ ավելի այցելու ունեցող (հավատարմագրման դիմումի օրվան նախորդող երեք ամիսների ընթացքում անընդմեջ գործող լրատվության միջոցի եւ այդ ամիսներից մեկի (դիմողի ընտրությամբ) այցելությունների միջին ցուցանիշի հիման վրա) եւ առնվազն ամենօրյա թարմացվող (յուրաքանչյուր օր` նվազագույնը 10 (տասը) քաղաքական նյութի հրապարակում) ինտերնետային լրատվության միջոցների, լրատվական գործակալությունների, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների եւ Երեւանում թղթակցական կետեր ունեցող օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների լրագրողները, լուսանկարիչներն ու տեսաձայնագրման օպերատորները (այսուհետ` լրագրող):
Սույն կարգի 8-րդ կետի պահանջները բավարարող յուրաքանչյուր լրատվության միջոցից կարող է հավատարմագրվել ոչ ավելի, քան հինգ ներկայացուցիչ:
Չեն կարող հավատարմագրվել հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների ոչ լրատվական-վերլուծական կամ երգիծական բնույթի հաղորդաշարերի, Երեւանում թղթակցական կետեր չունեցող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների մամուլի ծառայությունների, մամուլի ակումբների, վերլուծական կենտրոնների, մանկապատանեկան, զվարճալի-ժամանցային, մարզական պարբերականների եւ հաշվառված, բայց վերջին երկու ամսում լույս չտեսած պարբերականների ներկայացուցիչները:
Հավատարմագրումն իրականացվում է հերթական նստաշրջանների գումարման ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով:
Հերթական նստաշրջանների գումարման ժամկետով հավատարմագրված լրատվության միջոցը շարունակում է գործունեություն իրականացնել մինչեւ հաջորդ նստաշրջանի գումարման ժամկետի սկիզբը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2024 թվականի դեկտեմբերի 23-ը ներառյալ: