Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին գումարված արտահերթ նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
«Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում լուծել դեռեւս նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած մի շարք խնդիրներ` նպաստելով ընտրական համակարգի շարունակական կատարելագործմանը եւ Հայաստանում ձեւավորված ժողովրդավարության ամրապնդմանն ու բարելավմանը»,- ընդգծել է զեկուցողը:
Նախարարն անդրադարձել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացված այն առաջարկներին, որոնք ընդունվել են, եւ նախագծերի փաթեթում իրականացվել են համապատասխան փոփոխություններ:
Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Նրա խոսքով փոփոխություններով հնարավորություն կստեղծվի մշակելու բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Զեկուցողի խոսքով մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանում արտադրված եւ ՀՀ տարածք ներմուծված բժշկական արտադրատեսակները կարող են շրջանառվել մեր երկրի տարածքում մինչեւ դրանց պիտանելիության ժամկետի ավարտը:
Հայաստանի Հանրապետությունում արագ արձագանքման բժշկական խումբ ստեղծելու նպատակով գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է կատարում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Նրա խոսքով առաջին ընթերցումից հետո կատարվել են խմբագրական փոփոխություններ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը քննարկման է ներկայացրել ««Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոփոխությունները` այստեղ:
Փոխնախարարի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել:
««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Զեկուցողը նշել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել են որոշ փոփոխություններ, որոնք ներկայացվել են պատգամավորների կողմից:
Քննարկված հարցերն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: