ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել նաեւ հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար՝ հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի կարգավորումները: Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ օրենքում առաջարկվող փոփոխությամբ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը եւ սպասարկումը կիրականացվի ըստ մակարդակների:
Նախագծով առաջարկվում է նաեւ ստեղծել հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ: Կառավարության որոշմամբ կսահմանվեն կարգավորումներ՝ թիմերի ստեղծման, դրանց աշխատանքների կարգավորման եւ տարբեր մարդասիրական առաքելություններ իրականացնելու որոշումների վերաբերյալ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշել է, որ առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կստեղծվի մշակելու բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ: Դա թույլ կտա բժշկական արտադրատեսակների գրանցման ԵԱՏՄ միասնական կարգին զուգահեռ գործածել նաեւ ներպետական կարգավորումը:
Գործող օրենքի 47-րդ հոդվածով սահմանված են բժշկական արտադրատեսակների կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր փորձարկումներին վերաբերվող կարգավորումները: Հաշվի առնելով ԵՏՀ խորհրդի 2016 թվականի N29 որոշումում կատարվող փոփոխությունները, անհրաժեշտություն է առաջացել լրամշակելու 47-րդ հոդվածը: ԵՏՀ խորհրդի նշված որոշման լիակատար կիրարկման համար գործող օրենքում բացակայում են որոշ կարեւոր դրույթներ:
Առաջարկվում է, մասնավորապես, տարանջատել կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր հետազոտությունների իրականացման համար թույլատրական գործընթացները, սահմանել կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի աշխատակարգին, բժշկական կազմակերպություններին կլինիկական փորձարկումներ իրականացնելու թույլտվության տրամադրմանը, ինչպես նաեւ բժշկական արտադրատեսակների կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր փորձարկումների նկատմամբ մասնագիտական դիտարկումներին վերաբերող կարգավորումները:
Նշվել է, որ օրենսդրական փաթեթը համալրվել է նոր՝ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծով:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին: