Դեկտեմբերի 3-ի նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նրա խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախարարությունը ստացել է մի շարք առաջարկներ պատգամավորներից եւ տեխնոլոգիական համայնքի գործընկերներից, որոնց զգալի մասն ընդունվել է:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:
Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված փոփոխությունների արդյունքում գործադիրը կսահմանի հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա` դրոշմավորված ապրանքների մատակարարման մասով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում հսկիչ (նույնականացման) նշանների եւ դրանց քանակի վերաբերյալ տեղեկության լրացման դեպքերը, կարգը եւ ժամկետները:
Նշվել է, որ փոփոխություններն ուժի մեջ մտնելու ժամկետը 2025 թվականի հունվարի մեկից առաջարկվում է տեղափոխել 2026 թվականի հունվարի մեկը:
««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը վճարել մեկ անգամ օրացուցային մեկ տարվա ընթացքում:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանի խոսքով առաջին ընթերցումից հետո կատարվել են տեխնիկական փոփոխություններ:
Վաչե Քալաշյանի ներկայացմամբ քննարկվել են նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը լրամշակվել է, վերանայվել են մի շարք մոտեցումներ: Նշվել է, որ մեկ կիսամյակով կատարողականի բացասական գնահատականի դեպքում պաշտոնից ազատելու կարգավորումը Կառավարության կողմից վերանայվել է. պաշտոնանկության հնարավորությունն առաջարկվում է կատարողականի երկու կիսամյակային գնահատականի բացասական միջինի առկայության պարագայում:
Ընդունվել են պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի առաջարկները:
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ներկայացմամբ քննարկվել է «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում առաջարկվող լրացումը:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծերում կատարվել են հիմնականում տեխնիկական փոփոխություններ: