Առաջարկվող փոփոխությունը միտված է ի շահ բիզնեսի եւ լավարկում է ներկայում գործող գործարար միջավայրը: Այս մասին դեկտեմբերի 3-ին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Գործող օրենսգրքով նախատեսված է, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպքում կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 200 հազար դրամի եւ նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը: «Արդյունքում, բոլոր խախտումների դեպքում մեկ միասնական տուգանք է սահմանվում, ինչն այդքան էլ ճիշտ չէ»,- նշել է Գեւորգ Պապոյանը` ընդգծելով, որ համաչափ չէ տուգանքի կիրառումը:
Առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետեւանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը թողնել նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, սակայն սխալ են նշվել դասակարգիչները` պատասխանատվության միջոցը մեղմել: Մասնավորապես, առաջարկվում է վերջինիս դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք` 50,000 դրամի չափով:
«Կարգավորման նպատակն է ստեղծել ՓՄՁ-ների համար գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր` տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները` ըստ խախտման բնույթի եւ պետությանը պատճառվող վնասի չափի»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը:
Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Նա նշել է, որ նախաձեռնությունը կարեւոր է, փոփոխությունն էլ՝ սպասված: