Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքում առկա որոշակի անհամապատասխանությունների վերհանման եւ շտկման տրամաբանությամբ, ինչը հնարավորություն կտա արդյունավետ վարչարարություն իրականացնել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը` դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվել է սահմանել, որ Հայաստանում արտադրված կամ «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստան ներմուծված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը պետք է հարգորոշվեն, հարգադրոշմվեն, ունենան համապատասխան տարբերանիշ եւ անվանանիշ: Օրենսդրական նախաձեռնության նպատակն է իրականացնել արդյունավետ վերահսկողություն, ինչպես նաեւ պատշաճ պահպանել սպառողների իրավունքները:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: