National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
03.12.2024
Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան. Նիկոլ Փաշինյան
1 / 2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկմանը: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել խորհրդարանում բյուջետային շահագրգիռ քննակումների համար եւ արձանագրել, որ պետական բյուջեն պետականության եւ ինքնիշխանության շատ կարեւոր հատկանիշ է:

«Պետություն, պետականություն, անկախություն, ինքնիշխանություն ասելով առաջիններից մեկը պետք է հասկանալ պետական բյուջեն, բայց նաեւ պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մասն է: ՀՀ-ում չկա նույնիկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում»,- փաստել է երկրի ղեկավարն ու մտքեր արտահայտել մեր պետության մասով աշխարհընկալման վերաբերյալ:

«Մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձեակերպվել հետեւյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ, եւ սա իմ հիմնավոր տպավորությունների արգասիքն է: Այն ուղերձը, որն ուզում ենք հղել աշխարհին, հետեւյալն է՝ մեր կառավարության մեծագույն առաքելությունը համարում ենք այն, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանն ու այս համատեքստում խոսել ազգ-բանակ հայեցակարգի մասին: Ըստ վարչապետի՝ ազգ-բանակ ընկալումն ազգ-նահատակ ընկալման շարունակությունն է եւ բխում է նրանից, որովհետեւ եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, ապա, անխուսափելիորեն, քո դեմ գեներացնում ես այլ բանակներ:

«Մենք խոսում ենք այն մասին, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, եւ սա ճիշտ օրակարգ է, մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը, բայց ուզում եմ, որ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն եւ ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ: Այս հարցում պետք է շատ հստակ կողմնորոշվենք, ուղիղ ու անկեղծ ուղերձներ փոխանակենք մեր ժողովրդի հետ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Այս առումով վարչապետն անդրադարձել է լուծման ուղիներին ու կարծիք հայտնել, որ ազգ-նահատակ եւ ազգ-բանակ բանաձեւերը հաղթահարելու համար պետք է որդեգրել մեկ այլ, բոլորովին ուրիշ տրամաբանություն, պարզապես պետության տրամաբանությունը, որը գործում է բացառապես սեփական շահերին համապատասխան: «Այսինքն՝ պետությունն ունի կոնկրետ տարածք, պատասխանատվության կոնկրետ գոտի, միջազգայնորեն ճանաչված կոնկրետ տարածք եւ գործում է միայն ու միայն այդ սեփական պատասխանատվության տարածքի շահերին համապատասխան»,- ասել է Նիկոլ Փաշինյանն  ու փաստել՝ այդ շահը տնտեսական զարգացումն է կամ զարգացումը: «Հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան»,- հավելել է վարչապետը եւ նշել, որ այդ թեման տասնյակ շերտեր ունի:

Ըստ երկրի ղեկավարի՝ պետությունը պետք է իրեն սահմանափակի միջազգային հարաբերությունների՝ հռչակված եւ ընդունված կանոններով եւ օրենքներով: Այս համատեքստում նա խոսել է ուժեղ եւ մարտունակ բանակ ունենալու օրակարգի մասին, այնուհետեւ անդրադարձել արտագաղթի պատճառներին, այդ երեւույթը մեծամասամբ պայմանավորել մեր վարած տարածաշրջանային քաղաքականությամբ: ՀՀ վարչապետը Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ մի շարք արձանագրումներ է կատարել:

«Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, հենց մենք ենք այն խորհրդարանը, հենց մենք ենք այն ժամանակը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա մե՛նք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում: Շնորհակալ եմ եւ խնդրում եմ բոլորիդ կողմ քվեարկել 2025 թվականի պետական բյուջեին»,- եզրափակել է ելույթը ՀՀ վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: