National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.04.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
03.12.2024
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի լրամշակված տարբերակը
1 / 7

Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է  ԱԺ պատգամավոր ընտրված եւ  լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 22 արձանագրությունը, ըստ որի` մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական  ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին:

ԱԺ կազմը համալրած Ալեքսանդր Ավետիսյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի համաձայն ԱԺ նիստում երդվել է:

Խորհրդարանը հաստատել է ԱԺ հերթական նիստերի օրակարգը, որից հետո պատգամավորները սկսել են օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը:

Հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ նախագծերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով` դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի` առաջարկությունների հիման վրա փոփոխված նախագիծը:

Նախարարի տեղեկացմամբ  2025 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված ՀՆԱ-ի վերագնահատման, ի հայտ եկած նոր իրողությունները նախագծում արտացոլելու, ինչպես նաեւ բյուջեի մշակման հիմքում դրված` նոյեմբերի 1-ի փոխարժեքով վերահաշվարկելու արդյունքում վերանայվել են բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը եւ պակասուրդը: 2025 թվականի պետական բյուջեի վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրիլիոն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը` 5,1 տոկոս: Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ` համապատասխանաբար 158 մլրդ դրամով եւ 0,5 տոկոսային կետով: Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ պակաս է 35,5 մլրդ դրամով: Ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 441 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը` 2 տրիլիոն 706 մլրդ դրամ, իսկ  կապիտալ ծախսերը` 734 մլրդ դրամ: Պետական բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 40,8 մլրդ դրամով, ընդ որում` ընթացիկ ծախսերը նվազել են 42,4 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերն աճել են 1,7 մլրդ դրամով: Ծախսերի նվազեցումը հիմնականում պայմանավորված է մակրոպահուստների նվազեցումով` 48,3 մլրդ դրամի չափով, որը նախատեսված էր ՀՆԱ-ի հնարավոր նվազեցումների ռիսկը կառավարելու համար:

Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է ՀՆԱ-ի 5,5 տոկոսի մակարդակում:

Նախարարը հաջորդիվ  մանրամասնել է կատարված փոփոխություններն ըստ ոլորտների, անդրադարձել անելիքներին:

Պատգամավորները ներկայացրել էին 19 առաջարկ եւ հարցում: Դրանցից 5-ն ընդունվել են ամբողջությամբ կամ մասնակի, 4 հարցումի կապակցությամբ տրվել են պարզաբանումներ: 10 առաջարկ չի ընդունվել: 19 առաջարկից 14-ը վերաբերել են ծախսերի ավելացմանը: Ծախսերի կրճատման կամ պակասուրդը պակասեցնելու վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ դիրքորոշումներն են  հայտնել ԱԺ «Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները:

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ ներկայացված նախագիծը ենթակա չէ կողմ  քվեարկելու, քանի որ որեւէ խնդիր չի լուծելու:

Խմբակցության այս մոտեցումը պայմանավորված է Կառավարության գործունեությամբ: «Ներկայացված պետական բյուջեի նախագիծը համարժեք չէ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին: Վարվող տնտեսական քաղաքականությունը չի ապահովում Հայաստանի երկարատեւ եւ կայուն զարգացումը»,- մասնավորապես ասել է ընդդիմադիր պատգամավորը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը` փաստարկված հակադարձելով Արթուր Խաչատրյանի ներկայացրած տվյալներին եւ պնդումներին: «Բյուջեն մեր նախորդ քննարկումից հետո որոշակի ճշգրտման է ենթարկվել, հաշվի են առնվել այն իրողությունները, որոնք այս պահին հասանելի են եւ կարող են օգտագործվել վերլուծություններում: Չենք ասում, որ տպավորիչ տնտեսական աճի ցուցանիշներ են մեջը դրված, քանի որ ամեն տարի նախորդ տարիների բազան բավականին բարձր է եղել: Բայց կայուն, հավասարակշռված, մեր Կառավարության  ծրագրին համահունչ, մեր նպատակները սպասարկող բյուջե է»,- նշել է Բաբկեն Թունյանը` գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել պետական բյուջեի նախագծին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am