Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 19-ին հրավիրած խորհրդարանական լսումների առանցքում «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումն էր:
Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՊԵԿ-ի, Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունների, ինչպես նաեւ ՓՄՁ ոլորտի ասոցիացիաների, ընկերությունների եւ մասնագիտական համայնքի ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, իր բացման խոսքում անդրադառնալով լսումներ անցկացնելու անհրաժեշտությանը, նշել է, որ հանձնաժողովում հարցի քննարկման փուլում պատգամավորների կողմից եղել են առաջարկներ, դիտարկումներ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախքան հանձնաժողովի որոշում կայացնելը կլինեն նաեւ լսումներ, որտեղ նրանք կլսեն նաեւ ոլորտի մասնագիտական կարծիքներ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ներկայացնելով վերոնշյալ օրենսդրական փաթեթում փոփոխություններ կատարելու հիմնավորումները, նշել է, որ Կառավարության քաղաքականությունն այս փուլում ուղղված է հարկման ընդհանուր համակարգերին, շրջանառության հարկի համակարգի եւ միկրոձեռնարկատիրության կիրառության շրջանակի կրճատմանը: Ըստ նրա՝ դրա նպատակը հարկման հավասարության ու արդարության սկզբունքների ամրապնդումն է: Փոխնախարարի խոսքով ախտորոշված է 2 հիմնական խնդիր: «Մասնագիտական աշխատանք կատարող բուժաշխատողը կամ ուսուցիչն իր աշխատավարձից վճարում է 20 տոկոս եկամտահարկ, իսկ, օրինակ, անհատ ձեռնարկատերը կա՛մ հարկ չի վճարում, եթե միկրոձեռնարկատիրական հարկման արտոնյալ պայմաններում է գործում, կամ վճարում է ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ: Օրինակ՝ շենքերի շինարարություն հատվածում ներառվող գործունեության տեսակների մասով հարկային բեռը 2023 թվականի համար շրջանառության հարկի համակարգում 2,4 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից, կամ իրավաբանական եւ հաշվապահական գործունեություն հատվածում ներառվող գործունեության տեսակների մասով հարկային բեռը 2023 թվականի համար շրջանառության հարկի համակարգում 3,2 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից»,- ընդգծել է փոխնախարարը:
Զեկուցողի խոսքով նախագծով ներկայացված մասնագիտական բնույթ ունեցող ծառայությունների գծով հարկման ընդհանուր համակարգի եւ շրջանառության հարկի համակարգում հարկային բեռի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարկային բեռը շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտների մոտ գործունեության գրեթե բոլոր տեսակների մասով էականորեն ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից:
Նախագծով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Դրանցից են՝ իրավաբանական գործունեություն, հաշվապահական, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ, գովազդային գործունեություն եւ շուկայի իրավիճակի հետազոտություն, շենքերի շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական կամ ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ եւ վերլուծություններ, մասնագիտական եւ տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն եւ առողջապահություն:
«Գործունեության որոշ տեսակներ նախատեսվել է դեռեւս չտեղափոխել ավելացված արժեքի հարկի համակարգ: Խոսքն անասնաբուժական ծառայությունների, սոցիալական խնամքի ծառայությունների, գիտական հետազոտությունների եւ մշակումների մասին է»,- ասել է Արման Պողոսյանը:
Ֆինանսների նախարարի տեղակալը պատասխանել է նաեւ հրավիրյալների բազմաթիվ հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերել են օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետի հետաձգմանը, ստվերային գործունեության ի հայտ գալու ռիսկայնությանը, թե քանի սուբյեկտի է վերաբերելու օրենքի նախագիծը եւ այլն:
Արտահերթ ելույթում Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը շեշտել է, որ հարցուպատասխանի ձեւաչափում բիզնես միջավայրի կողմից ներկայացված մի շարք փաստարկներ լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունեն: Նրա դիտարկմամբ այս քննարկումը Կառավարության համար առկա հիմնավորումները դիտարկելու եւս մեկ հնարավորություն է: Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել է բազմաթիվ հարթակներում: Նրա կարծիքով պետք է գտնել այնպիսի լուծումներ, որպեսզի անցումը լինի սահուն, հարկային բեռի ավելացումը չլինի կտրուկ, միեւնույն ժամանակ, պահպանվի համաչափության սկզբունքը: Էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ Կառավարությունը պատրաստակամ է մասնակցելու նախագծի լավարկմանն ուղղված հետագա աշխատանքներին:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ հարկային համակարգի փոփոխությունների վերաբերյալ պետք է ցուցաբերվի համալիր մոտեցում՝ ներգրավելով մասնագիտական, հանրային շահերը պաշտպանող սուբյեկտներին:
Հարկային օրենսդրության փոփոխությանն է անդրադարձել պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ խոսելով ծախսարդյունավետության մասին:
Սերգեյ Բագրատյանն էլ նշել է, որ բիզնեսի նկատմամբ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում՝ սահմանելով տարատեսակ հարկատեսակներ:
Քաղհասարակության ներկայացուցիչները ելույթներում ներկայացրել են իրենց մտահոգությունները, ռիսկային գործոնները: Մասնավորապես, տեսակետ է հնչել, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումն անհամաչափորեն կազդի ՓՄՁ-ների հետագա գործունեության վրա:
Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողները ներկայացրել են քննարկվող նախաձեռնության վերաբերյալ իրենց դիտարկումները, մոտեցումներն ու առաջարկությունները:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն անդրադարձել է հնչած ելույթներին՝ ընդգծելով, որ օրենսդրական նախաձեռնությունը դեռեւս մշակումների կարիք ունի եւ վստահ է, որ փոփոխությունների կենթարկվի:
Եզրափակիչ ելույթում ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը ասել է, որ նախագիծը նպատակաուղղված է շրջանառության հարկի համակարգում առկա խնդիրները լուծելուն: Անդրադառնալով հնչած տեսակետներին եւ դիտարկումներին՝ նա նշել է, որ Հարկային օրենսգրքում առաջարկվող հաճախակի փոփոխությունները պայմանավորված են աշխարհում տեղի ունեցող արագ եւ աննախադեպ զարգացումներով: ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է հարկային վարչարարության պարզեցման եւ փոփոխությունների մասին: Արթուր Մանուկյանը շեշտել է, որ հաշվի առնելով հանրային լսումների արդյունքները՝ կընդունվեն հավասարակշռված, ընդունելի որոշումներ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն է հայտնել ծավալված քննարկման, կարծիքների, առաջարկությունների ներկայացման եւ քննադատությունների համար: Նա ընդգծել է, որ նախագծի հիմնական շարժառիթը հարկման հավասարությունը, արդարությունը վերականգնելը եւ հարկումից խուսափելու կամ ագրեսիվ հարկային պլանավորման հնարավորությունները սահմանափակելն է:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նույնպես անդրադարձել է հնչեցված մտահոգություններին: Նրա դիտարկմամբ հարկային համակարգն ու պետությունը պետք է լինեն տնտեսավարողի գործընկերը: «Ներկայում տնտեսական եւ հարկային քաղաքականության մոդելի քննարկումներն են ընթանում: Այսինքն՝ մենք ցանկանում ենք ունենալ մեկ հարկային քաղաքականություն, որն առնվազն մի քանի տարվա համար կապահովի կանխատեսելիություն»,- ասել է Բաբկեն Թունյանը: Ամփոփելով՝ նա նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը եւս կքննարկվի մասնագիտական կառույցների ու միությունների ներկայացուցիչների հետ:




