Նախագծերի ընդունման արդյունքում ներդրումային ֆոնդերի ոլորտում կձեւավորվի արդար եւ հավասար կարգավորման դաշտ, կհստակեցվեն ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության եւ լուծարման ընթացակարգերը, կսահմանվեն միջազգային լավագույն փորձին համապատասխան ոչ հրապարակային ֆոնդերի կառավարիչների գործունեության պայմանները, կներդրվեն ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտ նվազագույն պայմանները՝ բավարար ճկունություն տալով ֆոնդերի կառավարման հարցում եւ հաշվի առնելով ֆոնդերի տարբեր տեսակների առանձնահատկությունները:
Նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Փաթեթը ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:
Ըստ նախագծի՝ վերահսկող մարմինը հնարավորություն կունենա իր գործիքակազմի կիրառմամբ իրականացնել ոչ հրապարակային ֆոնդերի եւ դրանց կառավարիչների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն՝ նվազեցնելով առկա եւ հնարավոր ռիսկերը, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով սահմանել լրացուցիչ պահանջներ ոչ հրապարակային ֆոնդերի եւ դրանց կառավարիչների նկատմամբ՝ ներդրողների շահերի պաշտպանության, ֆինանսական կայունության ապահովման եւ տարաբնույթ այլ ռիսկերի զսպման նպատակով:
Ակնկալվում է, որ վերոնշյալը կնպաստի ներդրումային ֆոնդերի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: