Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքում: Առաջարկն Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
Նախարարի խոսքով Հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ կետի «ա.» ենթակետի համաձայն` շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները: Միաժամանակ, նույն հոդվածը սահմանում է, որ 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի` դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի` օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:
Գեւորգ Պապոյանը, ներկայացնելով 2022 թվականի պաշտոնական վիճակագրության արդյունքները, նշել է, որ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից վարույթ է ընդունվել 172,476 քաղաքացիական գործ, որոնցից 159,683-ը գումարի պահանջով, ինչը կազմել է վարույթ ընդունված գործերի ընդհանուր թվի գրեթե 93 տոկոսը:
Զեկուցողի խոսքով խոշոր տնտեսավարողներն ունեն համապատասխան մասնագետներ եւ կարող են որոշակիորեն կրճատել դատական գործընթացներին առնչվող ծախսերը, սակայն վերջիններիս ունեցած փոքր արժեքով դեբիտորական պարտքերի մեծ թիվը չեղարկում է այդ առավելությունը: «Ինչպես ցույց են տալիս խոշոր հաշվապահական եւ աուդիտորական ընկերությունների հետ ունեցած քննարկումները, մեծ ընկերությունները հաճախ վճարում են անհուսալի դեբիտորական պարտքերի գումարների մասով առաջացած շահութահարկի գումարները` դրանց «անհուսալի լինելն ապացուցելու» եւ ծախս ճանաչելու հետ կապված վարչարարական գործընթացներից զերծ մնալու նպատակով: Փոքր տնտեսավարողները, ընդհակառակը, չունեն անհրաժեշտ կարողություններ իրենց ուժերով դատարան դիմելու եւ ստիպված են յուրաքանչյուր դեպքի համար վճարել փաստաբանին, ինչը մեծացնում է միավոր անհուսալի դեբիտորական պարտքին բաժին ընկնող վարչարարական ծախսը»,- ընդգծել է նախարարը:
Ուստի, նախագծով առաջարկվում է բարձրացնել 100,000 դրամ շեմը` սահմանելով 300,000 դրամ:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Կարեն Համբարձումյանը: