Ազգային ժողովը նոյեմբերի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:
«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» եւ կից օրինագծերի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի ամբողջական կարգավորել իրավական օգնության ոլորտում ծագող իրավահարաբերությունները, ստեղծել օտարերկրյա պետությունների հետ իրավական փոխօգնության իրականացման լիարժեք եւ գործուն մեխանիզմներ` նպաստելով վերոնշյալ ոլորտում լայն շրջանակի համագործակցության խորացմանն ու մեր երկրի` որպես հուսալի գործընկերոջ, միջազգային վարկանիշի բարձրացմանը. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանը:
Առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ առաջարկ է ներկայացրել պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որն ընդունվել է:
Տրանսպորտային միջոցների տեխզննման գործընթացին վերաբերող նախաձեռնության հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Նարեկ Զեյնալյանը:
ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացման մանրամասները` այստեղ:
Օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականի հուլիսի 1-ը:
ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը քննարկման է ներկայացրել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել: Սակայն Կառավարության առաջարկությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարվել են տեխնիկակական փոփոխություններ եւ մեկ բովանդակային լրացում: ««Օրինագծով նախատեսվող կարգավորումների լիարժեքությունն ապահովելու եւ այն «Պաշտպանության մասին» օրենքին համապատասխանեցնելու նպատակով ծառայության խնդիրների թվում ավելացվել է պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ՊՊԾ-ին` իր իրավասության շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելուն վերաբերյալ դրույթը»,- ընդգծել է Գրիգորի Առաքելյանը:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաեւ ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը: Նրա խոսքով փաթեթի ընդունումը բխում է բուսասանիտարիայի ոլորտի օրենսդրական բարեփոխումներից:
Նշվել է, որ նախաձեռնությունը լրամշակվել է` հաշվի առնելով պատգամավոր Միքայել Թումասյանի եւ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության առաջարկները:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին»
օրենքում լրացումները: Առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող դասընթացներ: