Նախաձեռնությամբ առաջարկվում է ամրագրել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա սահմանելու հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող լրացուցիչ պահանջները:
Առաջարկվում է նաեւ սահմանել մեկ այլ լիազորող նորմ` ստեղծելու հայաստանյան արագ արձագանքման բժշկական խումբ, որը կներգրավվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այլեւ անհրաժեշտության դեպքում վարչապետի որոշմամբ ՀՀ տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով համաճարակի եւ պատերազմի ժամանակ նման թիմեր տարբեր երկրներից ժամանել են Հայաստան` օգնելու մեր բուժաշխատողներին:
Զեկուցողի խոսքով խումբը կլինի ինքնաբավ, կունենա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցանկացած վայրում տեղակայվելու եւ տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն եւ սպասարկում ցուցաբերելու համար:
Հարակից զեկուցող, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը բարձրաձայնել է նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներն ու փոփոխություններն առաջին ընթերցմամբ քննարկվել են նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում: