Հիմնական նպատակը վարձատրության ֆոնդերի արդյունավետ կառավարումն է եւ հանրային ծառայողների համար երաշխիքի սահմանումը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ նոյեմբերի 14-ի ԱԺ նիստի ընթացքում ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Վաչե Քալաշյանի դիտարկմամբ նախագծի հիմքում դրված է հանրային ծառայության նկատմամբ գրավչությունը բարձրացնելու միտումը:
Կառավարությունն առաջարկում է 4 մարմիններում՝ ՀՀ նախագահի, Կառավարության, Ազգային ժողովի ու Սահմանադրական դատարանի աշխատակազմերի աշխատավարձը ոչ թե զսպվի ֆոնդերով, այլ դրույքաչափերի սահմանաչափով: Մասնավորապես, ըստ առաջարկի, դրույքաչափը չպետք է գերազանցի 6-ը, իսկ միջինը չպետք է գերազանցի 3,5-ը:
Նախագծով առաջարկվում է նաեւ կարգավորումներ մտցնել պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց արձակուրդի հետ կապված հարաբերություններում:
Ըստ այդմ՝ լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը վճարել մեկ անգամ օրացուցային մեկ տարվա ընթացքում: Եթե չի օգտագործվում արձակուրդը տվյալ տարում կամ տեղափոխվում է եկող տարի, ապա այդ միանվագ արձակուրդային վճարն ամեն դեպքում տարվա վերջում տրամադրել աշխատողին:
Նախագծով պետական ծառայողների համար սահմանվում է երաշխիք պետական ծառայությունում աշխատած տարիների համար: Ըստ որի` բնականոն աճի միջոցով գործակցի մակարդակը պահպանել նաեւ այն դեպքերում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո զբաղեցնում է այլ պետական պաշտոն եւ այդ պաշտոնից ազատվելուց հետո պետական ծառայության պաշտոնում նշանակվելու ժամանակահատվածը չի գերազանցում մեկ ամիսը:
Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանի խոսքով հանրային ծառայության մոտիվացիան բարձրացնելու համար հանրային ծառայողը պետք է տեսնի իր առաջխաղացումը՝ դրան զուգահեռ ունենալով նաեւ աշխատավարձի աճ: «Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք կտրուկ լուծումների՝ գրավիչ հանրային ծառայության ոլորտ ունենալու համար: Կրճատենք որոշակի պաշտոններ կամ որոշակի աշխատանքներ, որոնք կարող են կատարվել թվայնացման, տեխնիկական լուծումների միջոցով եւ դրա հաշվին բարձրացնենք աշխատավարձեր եւ, իրապես, հանրային ծառայությունը դարձնենք մրցակցային»,- ընդգծել է պատգամավորը:
Լիլիթ Մինասյանը տեղեկացրել է նաեւ, որ գլխադասային հանձնաժողովում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: