Մեր երկրում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրման ու զարգացման, այդ թվում՝ լիարժեք 5G տեխնոլոգիային բնորոշ տվյալների հաղորդման բարձր արագություններով եւ ցանցի փոքր ընդհատումներով ծառայությունների մատուցումն ապահովելու համար անհրաժեշտ ռադիոհաճախականային ռեսուրսների տրամադրման աշխատանքների շրջանակում, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի հրամաններից մեկով ազատականացվել եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տնօրինմանն է հանձնվել 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածը:
Միեւնույն ժամանակ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի հունվարի 11-ի մեկ այլ հրամանի համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տնօրինմանն է հանձնվել 2300-2400 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթը, որը, ըստ դրա օգտագործման նշանակության, նախատեսված է նաեւ շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման եւ զարգացման համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նոյեմբերի 14-ի ԱԺ նիստի ժամանակ ներկայացնելով ««ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախարարի խոսքով նկատի ունենալով վերոնշյալը, ինչպես նաեւ հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման եւ զարգացման աշխատանքների արդյունավետության ապահովման նկատառումներով 2300-2400 ՄՀց եւ 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների մրցութային հիմունքներով տրամադրման եւ օգտագործման պարտադիր վճարների չափերի սահմանման վերաբերյալ քննարկումները՝ անհրաժեշտություն է առաջացել «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանել ռադիոհաճախականությունների տվյալ տիրույթի համապատասխան հատվածների տրամադրման եւ օգտագործման վճարները, նկատի ունենալով, որ նշված ռադիոհաճախականությունները նախատեսված են անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցերի համար:
Միեւնույն ժամանակ, նկատի ունենալով արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով մատուցվող ծառայությունների նոր կիրառությունը, անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաեւ ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման եւ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարներ՝ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար:
Զեկուցողը նշել է, որ օրենքի նախագծով նախատեսվում է 2300-2400 ՄՀց եւ 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները ներառել անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցերի համար սահմանված ռադիոհաճախականությունների ցանկում, որով տվյալ ռեսուրսի 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրման պարտադիր վճարը (միանվագ) 25,000,000 դրամ է, իսկ տարեկան օգտագործման վճարը՝ 16,800,000 դրամ: Միեւնույն ժամանակ, անկախ բաժանորդային տերմինալների քանակից եւ օգտագործվող ռադիոհաճախականությունների ռեսուրսի չափից՝ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար ռադիոհաճախականությունների թույլտվության տրամադրման եւ օգտագործման տարեկան պարտադիր վճարները նախատեսվում է սահմանել 3,000,000-ական դրամ:
Մխիթար Հայրապետյանը նաեւ տեղեկացրել է, որ օրենքի նախագծի հրատապությունից ելնելով՝ սահմանվել է նախագծի քննարկման 24-ժամյա ռեժիմ: