«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի համաձայն եւ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով` նոյեմբերի 12-ի ԱԺ նիստում անցկացվել է «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումը:
Հիմնական զեկուցող, պահանջը ներկայացրած պատգամավորների ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանում ընթացող «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 20-րդ նստաշրջանին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին ընդառաջ, երբ տարբեր միջազգային դերակատարներ դրական ազդանշաններ էին հղում կողմերի հնարավոր փոխըմբռնման շուրջ, Ադրբեջանը շարունակում է բարձրագույն մակարդակով շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել Հայաստանի Հանրապետության հետ: «Սա ոչ միայն ցույց է տալիս Ադրբեջանի անհանդուրժողականության ու ատելության քաղաքականությունը, այլ, որ այս երկրի համար որպես հակամարտության կարգավորման հիմք` շարունակում է դրված լինել ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը»,- ընդգծել է զեկուցողը:
Նշվել է, որ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ Հայաստանի կենսական շահերի հաշվին Թուրքիայի եւ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների իրագործումը: «Վերջին 4 տարիների Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը նաեւ ցույց է տվել, որ իրենց առավելապաշտական ծրագրին հասնելու ճանապարհին շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսելուց բացի ՀՀ-ի դեմ կիրառվում է նաեւ գերեվարված անձանց, ռազմագերիների շահարկման թեման»,- բարձրաձայնել է պատգամավորը:
Տիգրան Աբրահամյանի խոսքով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականացված հանցագործությունն էթնիկ զտման օրինակ է, ինչն ամրագրված է Հայաստանի եւ COP29-ի մասնակից մի շարք պետությունների կողմից վավերացված միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ` որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության տարր:
Նշվել է, որ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հետեւանքով այս պահին Ադրբեջանի պաշտոնական տեղեկություններով եւ հաստատումով Բաքվի բանտերում են գտնվում 23 հայեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները: «Ուզում եմ Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցնել, որ ելնելով միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների հիմնարար դրույթներից` Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու գերիներին»,- շեշտել է զեկուցողը:
«Միջազգային պրակտիկան սահմանում է, որ երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքումը ենթադրում է, որ նրանց միջեւ տեղի է ունեցել գերիների, ռազմագերիների վերադարձ: Այս անկյունաքարային սկզբունքի կոպիտ խախտումը բերել է նրան, որ 2020-2024 թվականների ժամանակահատվածում Ադրբեջանը գերեվարված անձանց հարցն օգտագործել է Հայաստանից զիջումներ կորզելու եւ սեփական օրակարգի սպասարկման համար, ինչը դատապարտելի է»,- ընդգծել է պատգամավորը եւ կարծիք հայտնել, որ խորհրդարանը պետք է ոչ միայն դիրքորոշում արտահայտի, այլ միջազգային դերակատարների, կառույցների ուշադրությունը կենտրոնացնի մեր գերիների ու ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ:
Ընդդիմադիր պատգամավորները խոսել են COP29-ի շրջանակում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի նպատակով այդ երկրի նկատմամբ ճնշումներ գործադրելու անհրաժեշտության մասին: Պատգամավորները կոչ են արել ընդունել նախագիծը:
Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նա, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի այն պնդմանը, թե գերիների մասով հստակ չէ Հայաստանի դիրքորոշումը, նշել է. «Բոլոր մեր դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց բոլոր գործողություններում եւ բոլոր հայտարարություններում նշում են հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց Հայաստան վերադարձի անհրաժեշտությունը»: Պատգամավորի խոսքով հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձը կախված է ոչ թե հայտարարություն ընդունելուց կամ չընդունելուց, այլեւ Հայաստանի դիվանագիտական աշխատանքից: Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը խորհուրդ է տվել ընդդիմադիր գործընկերներին ակտիվ լծվել խորհրդարանական դիվանագիտական աշխատանքին:
«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարի խոսքով դեմ արտահայտվելով ներկայացված մոտեցմանը` քաղաքական մեծամասնությունը դեմ է արտահայտվում հայ ժողովրդի հավաքական կամքին ու շահին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը 2020 թվականից ամեն օր աշխատում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց Հայաստան օր առաջ վերադարձնելու ուղղությամբ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունն անկախ որեւէ առիթից շարունակում է աշխատանքը գերիների վերադարձման ուղղությամբ եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այս հայտարարությունը չի լուծում այդ խնդիրը` մենք չենք կարող սխալ գործիքներով խնդիրներին ճիշտ լուծումներ տալ` հետեւաբար խմբակցությունը չի մասնակցի հայտարարության քվեարկությանը»,- նշել է պատգամավորը:
Եզրափակիչ ելույթում Տիգրան Աբրահամյանը բարձրաձայնել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման առնչվող «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի բովանդակությունը:
Քվեարկության արդյունքում նախագիծը չի ընդունվել: