National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
12.11.2024
Քննարկվել է «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցը
1 / 8

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի համաձայն եւ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով` նոյեմբերի 12-ի ԱԺ նիստում անցկացվել է «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումը:

Հիմնական զեկուցող, պահանջը ներկայացրած պատգամավորների ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանում ընթացող «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 20-րդ նստաշրջանին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին ընդառաջ, երբ տարբեր միջազգային դերակատարներ դրական ազդանշաններ էին հղում կողմերի հնարավոր փոխըմբռնման շուրջ, Ադրբեջանը շարունակում է բարձրագույն մակարդակով շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել Հայաստանի Հանրապետության հետ: «Սա ոչ միայն ցույց է տալիս Ադրբեջանի անհանդուրժողականության ու ատելության քաղաքականությունը, այլ, որ այս երկրի համար որպես հակամարտության կարգավորման հիմք` շարունակում է դրված լինել ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը»,- ընդգծել է զեկուցողը:

Նշվել է, որ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ Հայաստանի կենսական շահերի հաշվին Թուրքիայի եւ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների իրագործումը: «Վերջին 4 տարիների Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը նաեւ ցույց է տվել, որ իրենց առավելապաշտական ծրագրին հասնելու ճանապարհին շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսելուց բացի ՀՀ-ի դեմ կիրառվում է նաեւ գերեվարված անձանց, ռազմագերիների շահարկման թեման»,- բարձրաձայնել է պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանի խոսքով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականացված հանցագործությունն էթնիկ զտման օրինակ է, ինչն ամրագրված է Հայաստանի եւ COP29-ի մասնակից մի շարք պետությունների կողմից վավերացված միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ` որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության տարր:

Նշվել է, որ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հետեւանքով այս պահին Ադրբեջանի պաշտոնական տեղեկություններով եւ հաստատումով Բաքվի բանտերում են գտնվում 23 հայեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները: «Ուզում եմ Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցնել, որ ելնելով միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների հիմնարար դրույթներից` Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու գերիներին»,- շեշտել է զեկուցողը:

«Միջազգային պրակտիկան սահմանում է, որ երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքումը ենթադրում է, որ նրանց միջեւ տեղի է ունեցել գերիների, ռազմագերիների վերադարձ: Այս անկյունաքարային սկզբունքի կոպիտ խախտումը բերել է նրան, որ 2020-2024 թվականների ժամանակահատվածում Ադրբեջանը գերեվարված անձանց հարցն օգտագործել է Հայաստանից զիջումներ կորզելու եւ սեփական օրակարգի սպասարկման համար, ինչը դատապարտելի է»,- ընդգծել է պատգամավորը եւ կարծիք հայտնել, որ խորհրդարանը պետք է ոչ միայն դիրքորոշում արտահայտի, այլ միջազգային դերակատարների, կառույցների ուշադրությունը կենտրոնացնի մեր գերիների ու ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ:

Ընդդիմադիր պատգամավորները խոսել են COP29-ի շրջանակում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի նպատակով այդ երկրի նկատմամբ ճնշումներ գործադրելու անհրաժեշտության մասին: Պատգամավորները կոչ են արել ընդունել նախագիծը:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նա, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի այն պնդմանը, թե գերիների մասով հստակ չէ Հայաստանի դիրքորոշումը, նշել է. «Բոլոր մեր դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց բոլոր գործողություններում եւ բոլոր հայտարարություններում նշում են հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց Հայաստան վերադարձի անհրաժեշտությունը»: Պատգամավորի խոսքով հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձը կախված է ոչ թե հայտարարություն ընդունելուց կամ չընդունելուց, այլեւ Հայաստանի դիվանագիտական աշխատանքից: Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը խորհուրդ է տվել ընդդիմադիր գործընկերներին ակտիվ լծվել խորհրդարանական դիվանագիտական աշխատանքին:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարի խոսքով դեմ արտահայտվելով ներկայացված մոտեցմանը` քաղաքական մեծամասնությունը դեմ է արտահայտվում հայ ժողովրդի հավաքական կամքին ու շահին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը 2020 թվականից ամեն օր աշխատում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց Հայաստան օր առաջ վերադարձնելու ուղղությամբ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունն անկախ որեւէ առիթից շարունակում է աշխատանքը գերիների վերադարձման ուղղությամբ եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այս հայտարարությունը չի լուծում այդ խնդիրը` մենք չենք կարող սխալ գործիքներով խնդիրներին ճիշտ լուծումներ տալ` հետեւաբար խմբակցությունը չի մասնակցի հայտարարության քվեարկությանը»,- նշել է պատգամավորը:

Եզրափակիչ ելույթում Տիգրան Աբրահամյանը բարձրաձայնել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման առնչվող «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի բովանդակությունը:

Քվեարկության արդյունքում նախագիծը չի ընդունվել:


12.11.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիի հետ: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը շուրջ մեկ տարի թափուր էր...

12.11.2024
2025 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ հարակից ելույթներ են ունեցել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը
Գալիք տարվա բյուջեի նախագիծն առանձնանում է մի քանի առանձնահատկությամբ: Այն արտացոլում է առաջիկա ժամանակաշրջանի կանխատեսումներ, ինչը հատուկ չի եղել մինչ այս ներկայացված բյուջեների նախագծերին: Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ասել է...

12.11.2024
2025 թ. բյուջեն մեր հաստատուն հանձնառությունն է` երաշխավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով. ՀՀ ֆինանսների նախարար
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Աշխատանքը մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմամբ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհանն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am