National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
12.11.2024
2025 թ. բյուջեն մեր հաստատուն հանձնառությունն է` երաշխավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով. ՀՀ ֆինանսների նախարար
1 / 8

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը:

Աշխատանքը մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմամբ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է բոլոր ոլորտներում իրականացվող բարեփոխումների օրակարգը, խոսել բյուջետային փաստաթղթի հիմքում դրված նպատակների ու առանձին ծրագրերի գծով անելիքների  մասին: Նախարարը մանրամասնել է նաեւ համայնքային բյուջետավորման առանձնահատկությունները, հարկման համակարգերի արդյունավետության ապահովմանն ուղղված քայլերը, արտագաղթին նպաստող գործոնները:

«2025 թվականի բյուջեն մեր հաստատուն հանձնառությունն է` երաշխավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով, ունենա զարգանալու եւ իր ջանքերն արժեւորված տեսնելու հնարավորություն: Այս բյուջեն Հայաստանի ապագայի տեսլականի եւս մեկ էական քայլ է, որով ամրապնդում ենք մեր երկրի դիմակայունությունը, խթանում տնտեսական ներուժը եւ ապահովում հարկաբյուջետային կայունությունը` ի նպաստ մեր երկրի բարօրության, ի նպաստ մեր քաղաքացիների բարեկեցության: Այս իմաստով բյուջեն կատարյալ հավասարակշռության անվերջ ձգտում է, որի հիմքում հասարակության շահն է` համապատասխանեցված սոցիալական յուրաքանչյուր խմբի եզակի կարիքներին: Այն ընդգրկում է հանրության տարբեր շերտերի պահանջները` կրթության հասանելիության ապահովում, առողջապահության բարելավում, սոցիալական ապահովության ամրապնդում եւ այլ առաջնահերթություններ: Անկասկած, մեր նպատակը մեկն է` երկրի կայուն զարգացումը»,- վստահեցրել է ՀՀ ֆինանսների նախարարը: Նրա խոսքով վերջին 4 տարիների ընթացքում Կառավարությունը, դրսեւորելով հետեւողականություն եւ հաշվետվողական լուրջ մոտեցում, ներդրել է անհրաժեշտ ջանքերը` 2021-2026 թվականների Կառավարության ծրագրով նախատեսված արդյունքներին հասնելու համար:

Նշվել է, որ գալիք տարվա համար կա հստակ ձեւակերպված խնդիր` պետք է կոնսոլիդացնել ուժերը եւ ապահովել Կառավարության ծրագրի էական առաջընթաց` խնայելով հնարավորության սահմաններում եւ ֆինանսավորելու այն ծրագրերը, որոնք միտված են երկարաժամկետ հեռանկարով երաշխավորելու ՀՀ անվտանգությունը, քաղաքացիների կենսամակարդակը, ինչպես նաեւ նպաստելու տնտեսության ներուժի ընդլայնմանը:

«Ինչո՞ւ ենք առաջնային համարում երկրի դիմադրողականության բարձրացումը: Տնտեսությունը ոչ թե հետ է ընթանում, այլ հենվելով առկա ներուժի վրա` տեղափոխվում է զարգացման նոր մակարդակ եւ ամուր հիմքեր ստեղծում մեր երկրի կայուն առաջընթացի համար: Սա պատմական հնարավորություն է, որը չի դիտվել համաշխարհային ճգնաժամից ի վեր: Այս իմաստով մենք պարտավոր ենք պահպանել եւ ստեղծել բարենպաստ միջավայր այդ ներուժի հետագա բարելավման համար»,- ընդգծել է Վահե Հովհաննիսյանն ու խոսել երկրի բյուջեի ձեւավորման առանձնահատկությունների մասին: Այն ձեւավորվում է Հայաստանի շուրջ 750,000 քաղաքացիների ու օտարազգիների, ինչպես նաեւ շուրջ 13,000 տնտեսավարողների վճարած հարկերի շնորհիվ:

Նախարարի համոզմամբ չնայած դժվարին մարտահրավերներին եւ վերջին տարիների բարձր աճերից հետո տնտեսական ակտիվության տեմպերի բնականոն նորմալացմանը` Հայաստանի տնտեսությունը դրսեւորել է բավականին բարձր դիմադրողականություն, այդ թվում` շնորհիվ ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի կողմից խելամտորեն մշակված եւ արդյունավետորեն իրականացված մակրոտնտեսական քաղաքականությունների: Նա հավելել է, որ այդ քաղաքականությունների շնորհիվ տնտեսական աճի եւ ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ: «Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 6,5 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հուլիսին` 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ: Այս պայմաններում 2024 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է 5,8 տոկոս, իսկ 2025 թվականին` 5,6 տոկոս»,- փաստել է Վահե Հովհաննիսյանը եւ խոսել նաեւ բազմաթիվ չլուծված խնդիրների մասին: Նախարարը վստահեցրել է, որ կառավարող ուժը տեղյակ է խնդիրների մասին ու ջանքի չի խնայում դրանց լուծման հարցում:

«Ամփոփելով ելույթս ուզում եմ ընդգծել մեր հանձնառությունը, այն է` առաջնորդել պատասխանատվությամբ, ծախսել խոհեմությամբ եւ յուրաքանչյուր որոշման հիմքում դնել իրական Հայաստանի քաղաքացիների շահերը»,- նշել է նախարարը:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են աշխատատեղերի կրճատմանը, համայնքներին տրամադրվող սուբվենցիաների կրճատման նպատակահարմարությանը, ընդունվող որոշումների իրավական կանխատեսելիության ապահովման կարեւորությանը, գրադարանների եւ թանգարանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, ԼՂ-ից տեղահանված ուսանողների կրթավճարի հատուցմանը, սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինությունը խթանող ծրագրերի շարունակականությանը, արդյունավետ ներդրումային քաղաքականությանը եւ այլ խնդիրների:

2025 թվականի բյուջեի ծրագրում նախանշված մակրոտնտեսական կանխատեսումներն արտացոլում են նախորդ տարիների տնտեսական բարձր աճի գործոնների ազդեցությունների աստիճանական չեզոքացումը եւ երկարաժամկետ կայուն գործոնների վրա հիմնված տնտեսական աճի ձեւավորումը: Այս մասին հարակից ելույթով ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը:

ԿԲ նախագահի խոսքով 2025 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,6 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ՝ շեշտադրելով հարկաբյուջետային եւ պարտքի կայունության, ինչպես նաեւ տնտեսական ներուժի վերջին տարիների ձեւավորված մակարդակի պահպանումը: Գնահատվում է, որ 2025 թվականի տնտեսական աճի նպատակադրված մակարդակի ապահովման հրամայականը կդառնա տնտեսական ներուժի պահպանման եւ աճի ավելացման համար անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացումը: «Այդուհանդերձ 2025 թվականին ՀՀ կառավարության նպատակադրած տնտեսական աճի ապահովվումն էապես կախված կլինի ներդրումային միջավայրի բարելավվման ու արտահանման խթանմանն ուղղված, ինչպես նաեւ ենթակառուցվածքներում ներդրումային ծրագրերի ամբողջական ծավալներով ու սահմանված ժամկետներում իրականացման կարողություններից ու արդյունքներից»,- նշել է Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահի գնահատմամբ ստեղծված աշխարհաքաղաքական եւ տնտեսական անորոշությունների պայմաններում առկա են էական ռիսկեր տնտեսական ներուժը պայմանավորող գործոնների կայունությամբ եւ տնտեսական հեռանկարների հնարավոր սցենարների տեսանկյունից: Այս համատեքստում Մարտին Գալստյանի համար ողջունելի է, որ 2025 թվականի ՀՀ պետական բյուջեի ծրագրում դիտարկվել են դրա հիմքում դրված հիմնական կանխատեսումներից հնարավոր շեղումների հետ կապված ռիսկերն ու անորոշությունները: Գնահատվել է դրանց ի հայտ գալու պարագայում բյուջեի հոսքերի ու հարկաբյուջետային քաղաքականության շրջանակի ճշգրտման ուղղությունները:

ԿԲ նախագահի դիտարկմամբ բյուջեի նախագծով նախանշված տնտեսական աճի, օրենսդրական բարեփոխումների, հարկային վարչարարության բարելավման եւ իրականացվող հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում 2025 թվականի համար ծրագրավորվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ընթացիկ տարվա սպասվող ցուցանիշի համեմատ 0,7 տոկոսային կետով աճ, որի արդյունքում հարկերը կկազմեն ՀՆԱ-ի 25 տոկոսը: Գնահատվում է, որ 2025 թվականի ՀՀ բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա հիմնականում կունենան զսպող ազդեցություն: Նախանշված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2025 թվականին Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ կաճի ավելի մեծ չափով` 3,2 տոկոսային կետով եւ կկազմի 53 տոկոս: Հարկ է նշել, որ միջնաժամկետում` բյուջեի պակասուրդի մակարդակի նվազմանը համահունչ, պարտքի աճի տեմպը եւս կնվազի եւ Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկայունանա` 54,6 տոկոսի շրջանակում:

«Պարտքի կայունության ապահովման, Կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից կարեւոր է շեշտադրել սեփական միջոցների հաշվին պետական ծախսերի իրականացման, ինչպես նաեւ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համատեքստում պարտքի կառավարման համարժեք եւ արդյունավետ ռազմավարության կիրառումը»,- ընդգծել է Մարտին Գալստյանը:

Կենտրոնական բանկի նախագահը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:


12.11.2024
Քննարկվել է «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցը
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի համաձայն եւ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով` նոյեմբերի 12-ի ԱԺ նիստում անցկացվել է «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումը: Հիմնական զեկուցող, ...

12.11.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիի հետ: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը շուրջ մեկ տարի թափուր էր...

12.11.2024
2025 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ հարակից ելույթներ են ունեցել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը
Գալիք տարվա բյուջեի նախագիծն առանձնանում է մի քանի առանձնահատկությամբ: Այն արտացոլում է առաջիկա ժամանակաշրջանի կանխատեսումներ, ինչը հատուկ չի եղել մինչ այս ներկայացված բյուջեների նախագծերին: Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ասել է...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am