National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
11.11.2024
Խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձ է կատարվել երեխայի կրթության որակի հիմնախնդիրներին, բուլինգի հարցերին եւ թմրաշրջանառության վտանգներին
1 / 6

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ին անցկացված «ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» խորհրդարանական լսումների ընթացքում Անկախ միջազգային փորձագետ Հայկ Դավթյանն անդրադարձել է  ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի նկատմամբ վերահսկողություն իրականացնող կոմիտեի՝ Հայաստանի վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակված զեկույցին:

Նշվել է, որ փաստաթղթում, ըստ ոլորտների, ներկայացվել է Հայաստանում երեխաների իրավունքներին առնչվող իրավիճակը, ինչպես նաեւ արվել են առաջարկություններ:

«Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը:  Զեկուցողն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել երեխաների իրավունքների եւ բարեկեցության պաշտպանությանն ուղղված իրավական եւ ինստիտուցիոնալ շրջանակների ընդլայնման ուղղությամբ: Փոխնախարարը հաջորդիվ ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումներն ու անելիքները:

Տաթեւիկ Ստեփանյանը պատասխանել է լսումների մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ: Հարցերը հիմնականում վերաբերել են երեխաների նկատմամբ տարբեր բնույթի բռնություններին, դրանց նկատմամբ ընտանիքներում հանդուրժողականությանն ու լատենտայնությանը, դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության կանխարգելմանը:

Այնուհետեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման անչափահասների հանցավորության եւ ընտանեկան բռնության վարչության պետ Էդգար Պետրոսյանը խոսել է «Երեխայի կրթության իրավունքը եւ այս ոլորտում առաջացող խնդիրները, կրթության որակի հիմնախնդիրները, բուլինգ եւ թմրաշրջանառության վտանգները դպրոցում» թեմայի շրջանակում: Ներկայացնելով 5 տարվա կտրվածքով որոշակի վիճակագրական տվյալներ՝ նա տեղեկացրել է, որ անչափահասների շրջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մասով 2019 թվականին արձանագրվել է 9, 2020 թվականին՝ 3, 2021 թվականին՝ 7, 2022 թվականին՝ 6, 2023 թվականին՝ 10, 2024 թվականին՝ 7 դեպք:

Այս պահին ոստիկանությունում թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված անչափահաս հաշվառված չէ:

Բարձրաձայնելով իրականացվող աշխատանքները՝ Էդգար Պետրոսյանը նշել է, որ Ոստիկանությունը դպրոցներում աշակերտների հետ իրականացնում է ընդհանուր իրազեկման աշխատանքներ: Այս շրջանակում իրականացվում են իրավական իրազեկման աշխատանքներ, ինչպես նաեւ ոլորտային որոշակի տեղեկատվություն է տրամադրվում անվտանգային առումով, օրինակ՝ կիբեռանվտանգության հետ կապված, որը կարող է նաեւ առնչություն ունենալ թմրանյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ՝ բուլինգի հետ: Այդ հանդիպումներն ու քննարկումներն իրականացվում են ոչ թե անչափահասների, այլ ծնողների եւ մանկավարժական կոլեկտիվի հետ: Իրականացվում է դպրոցների տեսախցիկների մշտադիտարկում, այսինքն՝ հագեցվածության աստիճանի ուսումնասիրում: Նշվել է, որ այս պահին նաեւ հանրային քննարկման է ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության, ինչպես նաեւ թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության եւ դրանից բխող ծրագիրը հաստատելու վերաբերյալ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Այս պահին Հայաստանում բուլինգն իրավական ձեւակերպում չունի: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ հանրային քննարկման է դրված «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» նախագիծ: Փաստաթղթով առաջին անգամ տրվելու է բուլինգի սահմանումը, ինչպես նաեւ պետության պոզիտիվ պարտականությունը՝ պաշտպանելու մարդկանց բուլինգից, նաեւ կատարելու այդ անձանց սոցիալական վերականգնման ու հոգեբանական աշխատանքներ: «Ներկայումս բուլինգի հետ մենք առնչվում ենք այնքանով, որքանով դրանք կապ ունեն հանցագործության կամ իրավախախտման հետ»,- պարզաբանել է Էդգար Պետրոսյանը:

Որոշակի վիճակագրություն է ներկայացվել նաեւ երեխաների շրջանում միջանձնային հարաբերությունների կանխման դեպքերի վերաբերյալ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ռազմավարական պլանավորման եւ մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն էլ անդրադարձել է համընդհանուր պարբերական վերանայումների ընթացքում միջազգային կազմակերպությունների կողմից բարձրացվող առաջարկություններին եւ դիտողություններին: Դրանք վերաբերում են կրթության ներառականությանը, կրթությունից դուրս մնալու կամ բացակայությունների եւ ազգային փոքրամասնությունների ուսուցման խնդիրներին:

Հարցուպատասխանի եւ ելույթների ձեւաչափում անդրադարձ է եղել անչափահասների շրջանում հնարավոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին, պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրին, կրթության հասանելիությանը, կրթության որակի բարձրացմանը, ՆԳՆ-ի կողմից իրազեկման արշավների կարեւորությանը, անապահով ընտանիքներին սոցիալական աջակցության ընդլայնմանը եւ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ քայլերին: Կարեւորվել է մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության մշակույթի ձեւավորումը:

Անդրադարձ է եղել նաեւ կրթական հաստատություններում թմրամիջոցների օգտագործմանը, այդ վտանգավոր երեւույթի դեմ պայքարելու անհրաժեշտությանն ու օրենսդրական լրացումներ կատարելու նպատակահարմարությանը, ներառական կրթությանը, ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների կրթական հարցերին, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այլն: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ազգությամբ ասորի Իրինա Գասպարյանն անդրադարձել է անձնագրերում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային պատկանելությունը նշելու հարցին՝ կարեւորելով այն:

Ամփոփելով լսումների աշխատանքը՝ Ռուստամ Բաքոյանը վստահեցրել է, որ բարձրացված հարցերը պատշաճ կարձանագրվեն եւ հետագայում կդիտարկվեն նաեւ ՆԳՆ-ի գործընկերների կողմից: Ըստ հանձնաժողովի փոխնախագահի՝ նման լսումները հանրության, գործադիրի եւ օրենսդիրի կառուցողական գործընկերության լավ օրինակ են: Նա երախտագիտություն է հայտնել ներկաներին ակտիվ մասնակցության, նաեւ ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրին՝ լսումների կազմակերպմանն աջակցելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am