Նախաձեռնությամբ առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանել պետական աջակցության մի շարք ուղղություններ եւ որոշ հարկային արտոնություններ:
Մասնավորապես՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին տրամադրել պետական աջակցություն հետեւյալ ուղղություններով. առաջին՝ աշխատանքային միգրանտների ներգրավման համար, որոնք իրականացնում են մասնագիտական աշխատանք եւ համարվում են տվյալ տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողները: Ընդ որում, պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին կտրամադրվի աշխատանքային միգրանտի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով: Երկրորդ՝ պետական աջակցություն կտրամադրվի նոր աշխատողների ներգրավման համար: Եթե տնտեսավարող սուբյեկտի բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցի 30-ը, ապա աջակցությունը կկազմի նոր աշխատողների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտահարկի գումարի 100 տոկոսի չափով: Եթե բոլոր վարձով աշխատողների եռամսյակային միջին քանակը 31 եւ ավելի լինի, ապա տրամադրվելիք աջակցությունը կկազմի նոր աշխատողների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտահարկի գումարի 50 տոկոսի չափով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է այն հանգամանքը, որ նոր աշխատողների մասով պետական աջակցությունը տրամադրվելու է վարձու աշխատողի՝ առաջին աշխատանքի անցնելու պահից երեք օրացուցային տարիների համար:
Երրորդ՝ պետական աջակցություն կտրամադրվի նաեւ տնտեսավարող սուբյեկտի՝ մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գծով կատարված կրթական ծախսերի փոխհատուցման նպատակով: Նշվել է, որ տնտեսավարող սուբյեկտի՝ մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի եւ դրա հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով աջակցություն կտրամադրվի, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցի 30-ը:
«Մինչեւ 30 աշխատակից ունեցող փոքր կազմակերպությունների պարագայում առաջարկվում է նաեւ փոխհատուցել կադրերի պատրաստման եւ վերապատրաստման նպատակով տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարված գործուղման ծախսերը, որոնց համար ենթաօրենսդրական իրավական ակտերով նախատեսվում է սահմանել վերին շեմ՝ երկու միլիոն դրամից ոչ ավելի»,- մանրամասնել է նախարարը եւ հավելել, որ տնտեսավարող սուբյեկտի՝ մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 25 տոկոսի չափով փոխհատուցում կտրամադրվի, եթե վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը 31 եւ ավելի է:
Նախաձեռնությամբ առաջարկվում է, որ վերոնշյալ երեք ուղղություններով սահմանված հաշվետու ժամանակաշրջանի մասով տրամադրվող աջակցությունների գումարները չեն կարող գերազանցել նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով աշխատողների գծով հաշվարկված եւ վճարված եկամտահարկի գումարի 50 տոկոսը:
Զեկուցողի խոսքով փաթեթի ընդունումից հետո ենթաօրենսդրական ակտերով կսահմանվեն բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները՝ ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների աջակցությունների տրամադրման եւ այլ անհրաժեշտ կարգերի:
Մխիթար Հայրապետյանի տեղեկացմամբ պետական աջակցության տրամադրումն իրականացվելու է ինքնաշխատ հարթակի միջոցով, որը նախատեսվում է գործարկել մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը: Մինչ հարթակի գործարկումը դիմումների ընդունման գործընթացը կկարգավորվի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
Օրենսդրական փաթեթով նախատեսված աջակցությունները տրամադրվելու են հարկման ընդհանուր համակարգում ե՛ւ շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին, ե՛ւ անհատ ձեռնարկատերին 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2032 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակահատվածի համար:
Նախաձեռնությամբ նաեւ առաջարկվում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար շրջանառության հարկի դրույքաչափը նվազեցնել 2.5 անգամ՝ 5 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս: Նաեւ՝ նախատեսվում է մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորություն, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը: Առաջարկվում է կիսով չափ նվազեցնել գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքներում ներգրավված մասնագիտական անձնակազմին վճարվող աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների մասով եկամտային հարկի դրույքաչափը՝ 20-ից դարձնելով 10 տոկոս:
Հարկային արտոնությունները եւս տրամադրվելու են 7 տարով:
Զեկուցողի խոսքով փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար մեր երկրում ձեւավորել նպաստավոր պայմաններ: «Ակնկալվում է նաեւ, որ այն խթան կհանդիսանա մեր երկրում տնտեսության արտադրողականության եւ մրցունակության բարձրացման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, տեղեկատվական հասարակության եւ դրա տարբեր բաղադրիչների ձեւավորման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի եւ ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշը բարձրացնելու համար»,- ասել է նախարարը:
Մխիթար Հայրապետյանը հիշեցրել է, որ հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների կարեւորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության եւ անվտանգության համար՝ ՀՀ կառավարությունը շարունակելու է նպաստել նորարարական համակարգի զարգացմանը եւ տարբեր ոլորտներում համակողմանի ներդրումներին: Մշակվելու է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարություն՝ ուղղված բարձր տեխնոլոգիական ոլորտի ծավալի, ոլորտում ներգրավվածության բարձրացմանը, ընկերությունների գործառնական գործունեությունից գոյացող եկամուտների աճի ապահովմանը, ՀՆԱ-ի նկատմամբ այդ ցուցանիշի տեսակարար կշռի ավելացմանը, նորարարական գաղափարների առեւտրայնացմանը, ձեռներեցության խթանմանը, տեխնոլոգիական առաջընթացին եւ տեխնոլոգիական լուծումների լայն կիրառությանը տնտեսության ու հանրային ոլորտներում:
Մխիթար Հայրապետյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերին:
Նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Մխիթար Հայրապետյանը նշել է, որ առաջարկները լրացուցիչ կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Առաջին ընթերցմամբ քննարկված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում եւ ստացել դրական եզրակացություն:
Հանձնաժողովի որոշմամբ 2024 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ: